ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանը ասուլիսի ընթացում ներկայացրեց արտակարգ դրության պայմաններում գործելու թույլտվություն ունեցող կազմակերպություններում մշտադիտարկման արդյունքներն ու սահմանային վերահսկողական աշխատանքները:
ԱԱՏՄ ղեկավարը տեղեկացրեց, որ այս պահին որպես տուժանքի միջոց որոշված է գործունեության 6 ժամով դադարեցումը։
«Մեզ համար կարևոր է, որ այն տնտեսվարող սուբյեկտները, որոնք անմիջական շփում ունեն հաճախորդի հետ, ապահովված լինեն դիմակներով։ Կարևոր է, որ աշխատողների համար օրական երկու անգամ ջերմաչափում իրականացվի։
Սանիտարահիգիենիկ կանոնների առումով պետք է անպայման ունենան ծորակներ՝ մշտական ջրով, լվացվելու համար, հանդերձարաններ։ Հիմնական այդ երեքի խախտումների դեպքում միանգամից առաջարկ է ներկայացվում պարետատուն, որպեսզի այդ կազմակերպությունները դադարեցնեն գործունեությունը և կարգի բերեն կանոններով սահմանված կետերը»,- ասաց ԱԱՏՄ ղեկավարը։
Անդրադառնալով սահմանային վերահսկողական աշխատանքներին՝ Ավագյանը նշեց, որ յոթ սահմանային հսկիչ կետերն անցել են ուժեղացված հսկողական ռեժիմի դեռ հունվարի 24-ից։
«Ընդհանուր առմամբ ամսի 24-ից մինչև այսօրվա հերթափոխի ավարտ 172 ուղևոր անմիջապես հոսպիտալացվել է հենց 7 սահմանային հսկիչ կետերից։ Հասցեական քարտեր լրացվել է 24172-ը, դրանից հետո, սկսած մարտի 19-ից, մեզ մոտ, բացի հասցեական քարտերից, լրացվել են նաև ինքնամեկուսացման ծանուցագրերը»,- տեղեկացրեց Ավագյանը։
ԱԱՏՄ ղեկավարը նաև նշեց, որ մարտի 19-ից հաշվառած 11895 հոգու տրվել է ինքնամեկուսացման ծանուցագիր, որոնց ինֆորմացման ուղարկվել է առողջապահության նախարարություն, ոստիկանություն։ Տեղեկատվությունը ուղարկվել է նաև պարետատանը կից գործող խմբին, որոնք հետևում են ինքնամեկուսացման պայմանի կատարմանը։