«Չին-հայկական հարաբերությունների տարածաշրջանային զարգացման հիմնադրամի» նախաձեռնությամբ և մասնակցությամբ՝ «Շիրակի մարզի և Չինաստանի Հայնան նահանգի միջև համագործակցության և փոխըմբռնման հուշագիր»-ից ելնելով, Հայնան նահանգից մի քանի օրից Շիրակի մարզ կհասնի 10 հազար պաշտպանիչ, վիրաբուժական դիմակ, որոնք հատկացվելու են մարզի բժշկական հաստատություններին, հայտնում են Շիրակի մարզպետարանից։
«Շնորհակալություն ենք հայտնում Շիրակի մարզի քույր նահանգ Հայնանի ղեկավարությանն ու «Չին-հայկական հարաբերությունների տարածաշրջանային զարգացման հիմնադրամին»՝ կորոնավիրուսի դեմ պայքարում Շիրակի մարզին բարոյական և նյութական աջակցություն ցուցաբերելու համար։
Շիրակի մարզպետարանը լիահույս է, որ համավարակի հարուցած դժվարությունները հաղթահարելուց հետո, հիմնադրամի անմիջական մասնակցությամբ, կյանքի կկոչվեն Շիրակի մարզի և Հայնան նահանգի միջև ստորագրված հուշագրով նախատեսված դրույթները, քանզի համաձայնագիրը գործնական քայլ է լինելու երկու երկրների շրջանների միջև սերտ հարաբերությունների հաստատման և ամրապնդման գործում»,- ասված է հայտարարության մեջ։