ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան Նյու Յորքում հաստատել է «Համաշխարհային համերաշխությունը կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարում» բանաձևը: Փաստաթուղթն ընդունվել է կոնսենսուսով: ՄԱԿ-ի պետությունները կոչ են արել «ուժեղացնել միջազգային համագործակցությունը» համաճարակը զսպելու համար, ինչպես նաև դիմել տեղեկատվության, գիտական գիտելիքների և լավագույն փորձի փոխանակմանը: Փաստաթղթում առանձին նշվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) և ՄԱԿ-ի առանձնահատուկ դերը նոր տեսակի վիրուսի տարածման դեմ պայքարում:
Միաժամանակ, ինչպես նշում է AFP գործակալությունը, Ռուսաստանը «համառորեն» պնդել է փաստաթղթի իր տարբերակը, որը պարունակում էր անուղղակի կոչ՝ համաճարակի դեմ պայքարի ընթացքում միջազգային պատժամիջոցները մերժելու մասին: Տեքստում նշվել է, որ «միմյանց և ԱՀԿ-ի հետ համագործակցելուց բացի՝ պետությունները պետք է հրաժարվեն առևտրային պատերազմներից և միակողմանի պատժամիջոցներ կիրառելուց՝ շրջանցելով ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը»:
Ի տարբերություն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի որոշումների՝ Գլխավոր ասամբլեայի բանաձևերը իրավաբանորեն պարտադիր չեն: