Համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ ամբողջ աշխարհում սովի է մատնվել ավելի քան 820 միլիոն մարդ: Կորոնավիրուսային պանդեմիայի հետևանքով առաջացած ճգնաժամը սպառնում է սրել իրավիճակը:
Պարենի համաշխարհային ծրագիրը (WFP) կանխատեսում է համատարած սով նոր SARS-CoV-2 կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով: «Մենք լրջորեն ահազանգում ենք, որովհետև վախենում ենք, որ իսկապես մեծ ճգնաժամ է սպասվում»,- ասել է WFP Բեռլինի մասնաճյուղի ներկայացուցիչը:
Ըստ նրա՝ WFP-ն հրատապ հումանիտար օգնություն է ցուցաբերում ավելի քան 80 երկրում 87 միլիոն մարդու, մինչդեռ մարդասիրական կազմակերպության աշխատանքը գնալով բարդանում է պատերազմների, կլիմայի փոփոխության, երաշտի և ջրհեղեղների պատճառով: Այժմ էլ դրան գումարվել է կորոնավիրուսի համաճարակը:
ՄԱԿ-ի գնահատմամբ՝ ներկայումս ամբողջ աշխարհում սովից տառապում է ավելի քան 820 միլիոն մարդ: Միայն Արևելյան Աֆրիկայում՝ Հարավային Սուդանում, Եթովպիայում, Սոմալիում և Քենիայում, թերսնվում է 15 միլիոն մարդ: «Կորոնավիրուսային համաճարակի պատճառով այս թիվը կավելանա»,- ահազանգել է պաշտոնյան: