ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը Ֆեյսբուքի էջում տեղեկացրել է. «ՔԿՀ-ներում իրականացվող կանխարգելիչ միջոցառումներին զուգահեռ, կարևորելով քրեակատարողական հիմնարկներում գտնվող անձանց առողջության պահպանման իրավունքի իրացման ուղղությամբ պետության ստանձնած պարտավորությունները, ապրիլի 2-ին գրությամբ դիմեցի մեր իրավապահ մարմինների ղեկավարներին՝ Հայաստանի Հանրապետությունում արտակարգ իրավիճակի հիմքով հայտարարված արտակարգ դրության պայմաններում նոր կորոնավիրուսային վարակի դեմ պայքարի շրջանակում մեր ջանքերը մեկտեղելու և կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդություններ ներկայացնելուց հնարավորինս ձեռնպահ մնալու առաջարկով: Եվ ահա այսօր, Գլխավոր դատախազությունը հայտարարություն տարածեց, որ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ ըստ ուսումնասիրությունների, վարակման և հիվանդացության տեսանկյունից ռիսկային գոտում գտնվող անձանց վերաբերող գործերը հիմնականում դատարանների վարույթում են՝ մեղադրող դատախազները դրանցով հանդես կգան հրատապության կարգով դատական նիստեր անցկացնելու հարցով դատարաններին դիմելու և այդ անձանց նկատմամբ ընտրված կալանավորումն այլ խափանման միջոցներով փոխարինելու հարցը քննարկելու նախաձեռնություններով՝ ներկայացնելով համապատասխան միջնորդություններ:
Վերջին շրջանում իրավապաշտպանների կողմից շատ է քննարկվում համաներման գործընթաց սկսելու անհրաժեշտության հարցը՝ հիմնականում նշելով Իտալիայի ու Իրանի օրինակները։ Այդ առումով տեղեկացնեմ, որ ներկայում Հայաստանի 12 քրեակատարողական հիմնարկներում պահվում է 2 հազար 258 անձ, որը կազմում է ՔԿՀ ողջ լրակազմի ընդամենը 42.2 %-ը։ Իտալիայի քրեակատարողական հիմնարկներն ունեն 50 հազար 931 լրակազմ, սակայն դրանցում պահվում է 61 հազար 230 մարդ։ Իրանի բանտերում լրակազմը, ըստ 2018 թվականն ամփոփող պաշտոնական տվյալների, կազմում է 150 հազար, մինչդեռ, դրանցում պահվել է 240 հազար անձ։ ԵԽ քրեական տարեկան վիճակագրության խտության ինդեքսով ստացվում է, որ իտալական բանտերում բնակչության խտությունը կազմում է 120 %, իսկ Իրանում՝ 160 %: Այս պատճառով են նշված երկրները նախաձեռնել համաներման գործընթաց։ Նշածիցս երևում է, որ այս չափանիշով Հայաստանի իրավիճակը խնդրահարույց չէ»։