Ա. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիան (Երևանի ֆիզիկայի ինստիտուտ) հայտարարում է, որ օգտագործելով իր գիտական ներուժը, ամեն ջանք կգործադրի՝ աջակցելու Հայաստանում կորոնավիրուսի համավարակի հաղթահարմանը։
Լաբորատորիան այժմ աշխատանքներ է տանում չորս ուղղությամբ․ մեծացնելով արտադրական հզորությունը և ներգրավելով հավելյալ մասնագետների՝ ավելացվել է թթվածնի արտադրությունը, ակտիվ աշխատանքներ են տարվում նաև շնչառական ռեսպիրատորներ, օզոնատորներ, ուլտրամանուշակագույն լամպեր ու վառարաններ պատրաստելու ուղղությամբ։
Շնչառական ռեսպիրատորների շնորհիվ ապահովվում է մարդու արհեստական շնչառությունը, ինչը համաճարակային այս իրավիճակում հատկապես կարևոր է թոքաբորբով հիվանդների համար: Մյուս սարքը, որը դեռևս 90-ականներին Ֆիզիկայի ինստիտուտի գիտնականները մշակել ու արտոնագրել են, օզոնատորն է։
Հոսանքին միացված օզոնատորը, ըստ էության, վարակազերծում է օդը։ Օզոնն ինքնին վտանգավոր եռատոմ մոլեկուլ է, որը, սակայն, 30 րոպեում վերանում է՝ վերացնելով նաև մանրէներն ու վիրուսները։