Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը հրավիրված մամուլի ասուլիսին ներկայացրեց կորոնավիրուսի տնտեսական հետևանքների հակազդման միջոցառումները։
Նախարարը տեղեկացրեց, որ առաջին գործիքի նպատակն է արագ եղանակով ֆինանսական միջոցներ տրամադրել այն կազմակերպություններին, որոնք առևտրային բանկերի համար հուսալի գործընկեր են։
«Այս գործիքի առանձնահատկությունն այն է, որ առևտրային բանկերն են որոշում, թե որոնք են հուսալի վարկառուները, որ կարող են օգտվել Կառավարության համաֆինանսավորման, վերաֆինանսավորման կամ տոկոսների սուբսիդավորման ծրագրերից»,- ասաց նախարարը։
Երկրորդ միջոցառումը վերաբերում է գյուղատնտեսության ոլորտում աջակցությանը։ Նախարարն ընդգծեց, որ այդ ուղղությունը նոր չէ Կառավարության համար։ «Նախորդ տարվա ընթացքում նույնպես շատ մեծ ծավալի աջակցություն է ցուցաբերվել։ Այս տարի որոշակի փոփոխություններ ենք կատարել այդ փաթեթում՝ նպատակ ունենալով գարնանը սկսվող գյուղատնտեսական աշխատանքներից առաջ ավելի հասանելի դարձնել ֆինանսական միջոցները»,- նշեց Խաչատրյանը։
Երրորդ ուղղությունը փոքր ու միջին բիզնեսի համար է։ Արագացված ընթացակարգով, առանց բանկային կամ ֆինանսական մյուս կազմակերպությունների միջնորդության, վարկավորման հնարավորություն է տրվում, եթե նրանք 2019 թվականի ընթացքում եղել են օրինապահ վարկառուներ։
Չորրորդ գործիքն աջակցություն է այն կազմակերպություններին, որոնք 2020 թվականի մարտի ավարտին չեն կրճատել աշխատակիցների քանակը։ «Չեն կրճատել այն աշխատավարձի ֆոնդը, որը սովորաբար օգտագործում են իրենց աշխատակիցների տվյալ ամսվա աշխատանքը հատուցելու համար։ Այդ կազմակերպությունների յուրաքանչյուր հինգերորդ աշխատակցի մեկ ամսվա միջին աշխատավարձը վճարում է Կառավարությունը»,- ասաց Տ․Խաչատրյանը։