ԱԱՏՄ ղեկավար Հակոբ Ավագյանն այսօր տեղեկատվական միասնական կենտրոնում հայտնեց, որ կորոնավիրուսը չի շրջանցել նաև իրենց աշխատակիցներին, և ունեն վարակի գրանցման դեպքեր։
«Մեր հերթապահներից ևս վարակվեցին։ Այս պահին, բարեբախտաբար, ծանր վիճակ չի գրանցվել։ Ամսի 1-ից մեր հերթապահները գնացել էին «Զվարթնոցի» հերթապահներին օգնելու։ Մեծ թվով թռիչքներ որ գալիս էին, մեծացրել էինք հերթապահությունը և՛ անձնակազմի քանակի ավելացմամբ, և՛ տեխնիկական։ Երևանի տարածքային կենտրոնի բժիշկ-համաճարակաբաններից մեկի մոտ հայտնաբերվեց կորոնավիրուս։ Նրա վիճակը լավ է, երեկ Նորքի «Ինֆեկցիոն» հիվանդանոցից տեղափոխվել է հյուրանոց՝ մեկուսացման, նրա հետ հերթապահած մարդու մոտ ևս կա կորոնավիրուս, բայց նրա վիճակը գնահատվում է շատ լավ։
Ընդհանուր առմամբ՝ Երևանի տարածքային կենտրոնից ունենք ինքնամեկուսացված 14 անձ, բացասական արդյունքով 2 թեստավորված աշխատակից, սահմանային հսկիչ կետերում հերթապահողներից թեստավորվել են ևս 6-ը, բարեբախտաբար, նրանց մոտ նույնպես չի հայտնաբերվել վիրուսը»,- նշեց ԱԱՏՄ ղեկավար Հակոբ Ավագյանը՝ նշելով, որ Երևանի տարածքային կենտրոնից մեկուսացված է 17 մարդ։