ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ) հայաստանյան ներկայացուցիչ Ռայմունդ Յելեն և ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը քննարկել են մեր երկրում ՊԳԿ-ի կատարած աշխատանքի առաջնահերթությունները և տեսակետներ են փոխանակել COVID-19 համավարակի հետևանքով առաջացած դժվարին իրավիճակում համատեղ աշխատանքները արդյունավետ շարունակելու վերաբերյալ: Հասկանալի պատճառով քննարկումը տեղի է ունեցել հեռահար տարբերակով:
Կորոնավիրուս հիվանդության բռնկման հետ կապված աշխարհում ստեղծված իրավիճակի պատճառով բազմաթիվ գործունեություններ ակամայից շեղվել են իրենց բնականոն ընթացքից: Շատ երկրների կառավարություններ, ներառյալ Հայաստանը, համավարակին դիմակայելու նպատակով ժամանակավորապես փոխել են առաջնահերթությունները:
Փոխնախարար Խոջոյանը մասնակիցներին, որոնց թվում էին նաև ՊԳԿ հայաստանյան ներկայացուցչի օգնական Գայանե Նասոյանը և ՊԳԿ ազգային տնտեսագետ Վարդան Բարսեղյանը, հակիրճ ներկայացրեց երկրում տիրող ներկայիս իրավիճակը, որը, հիվանդության հաստատված աճող դեպքերի պատճառով, դեռևս գտնվում է արտակարգ դրության մեջ: Խոջոյանը նաև իր տեսակետը հայտնեց ՊԳԿ-ՀՀ կառավարություն մակարդակում՝ կորոնավիրուսի ստեղծած իրավիճակում համագործակցության ակնկալվող փոփոխությունների վերաբերյալ:
Արման Խոջոյանը տեղեկացրեց, որ կառավարությունը մշակել է COVID-19-ին դիմակայելու գործողությունների փաթեթ՝ օգնելու տնտեսությանը, ներառյալ՝ գյուղատնտեսական ոլորտին: Ըստ նրա՝ պետք է վերանայվեն նաև գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրերը, որոնք կներառեն որոշ գյուղատնտեսական գործունեությունների համար վարկերի սուբսիդավորումը, այն է՝ գյուղատնտեսական տեխնիկայի և սարքավորումների լիզինգը, ջերմատների և ինտենսիվ այգիների հիմնումը, հակակարկտային ցանցերը, կաթիլային ոռոգման համակարգերը, ինչպես նաև անասնաբուծությունը:
Նրա խոսքով՝ մեծ արտադրողներն արդեն իսկ զգում են COVID-19-ի ստեղծած խնդիրների ազդեցությունը, ինչը դեռևս չի կարելի ասել փոքր արտադրողների մասին: Ակնկալվում են փոփոխություններ գյուղատնտեսական արտադրության ցանկացած մակարդակում: Պետք է ակնկալել նաև ներմուծվող ներդրանքների գների աճ, օրինակ՝ սերմերի, պարարտանյութի դեպքում:
‹‹Ներկայումս Կառավարությունը քննարկում է գների բարձրացման տարբեր սցենարներ: Քննարկվում են նաև տարբերակներ պարենային ապրանքների պակասի կամ ներդրանքների առկայության խնդիրների առաջացման դեպքերի համար››, ասաց Խոջոյանը: ‹‹Կարող են խնդիրներ առաջանալ նաև կապված շուկաների հասանելիության հետ, որի պարագայում շուկայի դիվերսիֆիկացման անհրաժեշտություն կլինի, որն էլ իր հերթին կարող է նպաստել գյուղմթերքների արտահանմանը››:
ՊԳԿ հայաստանյան ներկայացուցիչ Ռայմունդ Յելեն փոխնախարարին ներկայացրեց ՊԳԿ-ի իրականացրած միջոցառումները` աշխարհում համավարակի ազդեցությունը պարենի և գյուղատնտեսության վրա մեղմելու ուղղությամբ: Նա նաև տեղեկացրեց այն գործողությունների մասին, որ կազմակերպությունն իրականացնում է առավել խոցելի մարդկանց պարենային անվտանգությունն ու կենսապայմանները ապահովելու ուղղությամբ:
«Մենք շեշտը կդնենք հիմնականում փոքր գյուղացիական տնտեսությունների վրա»,- ասաց Ռայմունդ Յելեն: Նա կազմակերպության աջակցությունն առաջարկեց նախարարությանը՝ իրավիճակի արագ գնահատմանն ուղղված գործողություններում, համավարակի ազդեցությունները վերլուծելու և ոլորտին ուղղված նպատակային արձագանքելու համար:
ՊԳԿ ներկայացուցիչը նաև նշեց, որ կազմակերպության կողմից մշակված հետաղետային կարիքների գնահատման առցանց ծրագիրը կվերանայվի և կհարմարեցվի, որպեսզի հնարավոր լինի այն օգտագործել փոքր տնտեսությունների իրավիճակի վերաբերյալ համայնքներից տեղեկատվություն հավաքագրելու համար: Կախված իրավիճակից՝ այն կծառայի որպես կանխատեսմանն ուղղված գործիք, ինչպես նաև որպես ազդեցությանը հետևելու մեխանիզմ (թարմացնելով տեղեկատվությունը այնպիսի կարևոր պահերի համար, ինչպիսիք են ցանքի ժամկետի ավարտը, բերքահավաքի ավարտը և այլն):
Յելեն տեղեկացրեց, որ հնարավոր է նաև աջակցության տրամադրում կոոպերատիվների կարողությունների հզորացման, ինչպեսև գյուղատնտեսության ու գյուղական վայրերի զարգացման ոլորտի քաղաքականության մշակման հարցում:
Ե՛վ Խոջոյանը, և՛ Յելեն հաստատեցին հետագա սերտ երկխոսության շարունակականության կարևորությունը՝ նախարարությանը և Հայաստանի գյուղատնտեսության ոլորտին համարժեք և ժամանակին արձագանքելու համար: