Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեն հայտարարել է, որ կորոնավիրուսով պայմանավորված կարանտինը խախտողների դեմ խիստ միջոցներ կկիրառվեն: Երկրի ղեկավարը մասնավորապես հրահանգել է սպանել կարանտինային սահմանափակումները խախտողներին: Այս մասին տեղեկացնում է Reuters գործակալությունը: Ֆիլիպինների բնակչությանն ուղղված հեռուստաուղերձի ժամանակ երկրի ղեկավարը նշել է, որ չի հանդուրժի նաև բուժաշխատողների դեմ բռնությունները, ինչը լրջագույն հանցանք է:
Ռոդրիգո Դուտերտեն քաղաքացիներին հորդորել է հետևել բոլոր կանոններին ու մնալ տանը՝ խոստանալով, որ կառավարությունն իր հերթին կփորձի կանխել կորոնավիրուսի տարածումն ու պաշտպանել երկրի առողջապահության թույլ համակարգը: