2016-ի ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ադրբեջանական կողմը լայնածավալ հարձակողական գործողություններ սկսեց՝ կիրառելով իր զինանոցում եղած ռազմական տեխնիկայի գրեթե բոլոր հնարավոր տեսակները։ Թիրախում էին նաևխաղաղ բնակավայրերը։ Արդեն առավոտյան Արցախի պաշտոնական աղբյուրները հայտնեցին, որ ադրբեջանցիների կողմից խաղաղ բնակավայրերի հրթիռակոծության հետևանքով Արցախի Մարտունու շրջանի Զորավան գյուղում զոհվել է 12-ամյա Վաղինակ Թաթուլի Գրիգորյանը, ևս երկու երեխա վիրավորվել են և տեղափոխվել հիվանդանոց։ Կեսօրին ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնեց, որ Արցախի Լեոնարխ գյուղի մոտակայքում ոչնչացվել է ադրբեջանական դիվերսիոն-հետախուզական ջոկատը, և ադրբեջանական կողմը կորուստներ ունի։
Ապրիլի 3-ին՝ ժամը 06։00-ից սկսած, առաջնագծի հարավային ուղղությամբ Ադրբեջանի զինված ուժերը հրթիռահրետանային միջոցների և զրահատեխնիկայի կիրառմամբ շարունակեցին ռազմական գործողությունները։ Ադրբեջանական կողմը ապրիլի 3-ին հայտարարություն տարածեց, թե միակողմանի դադարեցնում է կրակը, բայց շարունակեց Մարտակերտի խաղաղ բնակիչների հրետակոծումը։ Արցախի պաշտպանության բանակը հայտնեց, որ հայկական ստորաբաժանումները հայկական Թալիշ գյուղի ուղղությամբ հետ են վերցրել նախորդ օրը կորցրած կարևոր հենակետերից մեկը, հայկական կողմից վիրավորվել է երկու զինծառայող։ Ռազմաճակատի հարավային մասում ոչնչացրել են ադրբեջանական զինված ուժերի երկու տանկ և հետևակի մարտական մեկ մեքենա։
Ապրիլի 4-ի գիշերը շփման գծի ողջ երկայնքով ադրբեջանական կողմը ականանետներով ու հրանոթներով շարունակեց արկակոծել հայկական զինված ուժերի առաջնային դիրքերն ու մերձակա հայկական բնակավայրերը։ Առավոտյան ժամը 07։00-ի սահմաններում առավել ինտենսիվ հրետակոծություններ սկսվեցին շփման գոտու հարավարևելյան և հյուսիսարևելյան ուղղություններով։ Ադրբեջանական զինուժը կիրառեց ծանր տեխնիկա, այդ թվում նաև՝ ՀԿՌՀ հրանետներ և մարտական անօդաչու թռչող սարքեր։ Հայկական զինված ուժերի հրետանավորները շարքից հանեցին այդ համակարգերը, իսկ ՀՕՊ ստորաբաժանումները խոցեցին մեկ հարվածային ԱԹՍ։ Այդ օրը նաև Մարտակերտի ճանապարհին անօդաչու սարքը ռմբակոծեց Սիսիանի ջոկատի ավտոբուսը, ունեցանք 5 զոհ։
Ապրիլի 5-ի գիշերը առաջնագծի հարավային ուղղությամբ Ադրբեջանի զինված ուժերը կիրառեցին «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ։ Իսկ ժամը 12․00-ին հայտարարվեց, որ դադարեցվել են ռազմական գործողությունները, և ընթանում են բանակցություններ։ Համաձայնություն ձեռք բերվեց Հայաստանի և Ադրբեջանի ԳՇ պետերի՝ Մոսկվայում հանդիպման ժամանակ:
Գևորգը տեսնելով թշնամու ՄԻ-8 ուղղաթիռը, որը դեսանտային ուժեր էր մոտեցնում հայկական տարածքին, արագ լիցքավորում է զենքը, մոտ 3 կիլոմետր հեռավորությունից «Իգլա» համալիրից հրթիռ է արձակում և խոցում հակառակորդի ուղղաթիռը։
Ապրիլի 6-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հիմնականում պահպանվեց կրակի դադարեցման շուրջ պայմանավորվածությունը։ Ժամը 18։30-ին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան (Թալիշի) ուղղությամբ տեղակայված մարտական հենակետում Ադրբեջանի զինված ուժերի ականանետային կրակից մահացավ ՊԲ պայմանագրային զինծառայող, 1974 թ. ծնված Արմեն Կառլենի Գասպարյանը։
Ապրիլի 7-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան (Թալիշի) ուղղությամբ Ադրբեջանի զինված ուժերը ձեռնարկեցին դիվերսիոն հետախուզական գործողություն։ Հետ շպրտվեցին՝ թողնելով զոհեր։
Ապրիլի 8-ին, համաձայն նախօրոք ձեռք բերված պայմանավորվածության, հայկական և ադրբեջանական կողմերը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և ԵԱՀԿ Մինսկի խմբի գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականների միջնորդությամբ, իրականացրին զոհվածների որոնողական աշխատանքներ, որոնց ընթացքում կրակի դադարեցման շուրջ պայմանավորվածությունների խախտում չարձանագրվեց։
Ապրիլի 10-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ռազմագերիների, պատանդների և անհետ կորածների հարցերով զբաղվող պետական հանձնաժողովը՝ համաձայն Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի միջնորդությամբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Ադրբեջանի միջև ձեռք բերված պայմանավորվածության, Բաշ Քարվենդ բնակավայրի մոտակայքում իրականացրեց դիակների փոխանակում։ Հայկական կողմին հանձնվեց 18 զինծառայողի մարմին։
Ապրիլյանի ամենածանր հարվածը՝ մարդկային կորուստներ
Հայկական կողմն այս օրերին ունեցավ ավելի քան 100 զոհ: Ադրբեջանի զինուժի կորուստների մասին հստակ տվյալներ չկան: Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունը մարտական գործողությունների օրերին հայտարարեց մի քանի տասնյակ զինծառայողի կորստի մասին, սակայն տարբեր աղբյուրների տվյալներով՝ ադրբեջանական կողմը մոտ 300 զոհ է ունեցել:
Զոհված զինծառայողներն ադրբեջական բացահայտ ու լայնածավալ հարձակման ժամանակ չեն նահանջել դիրքերից ու մինչև իրենց կյանքի վերջին րոպեները պայքարել են թշնամու դեմ:
Նրանցից Ռոբերտ Աբաջյանը թշնամու կողմից շրջապատվելուց հետո նռնակով պայթեցրել է ինքն իրեն՝ ոչնչացնելով նաև հարձակվող թշնամու մի քանի զինծառայողի: Անձնուրաց այս քայլի համար զինծառայողը հետմահու արժանացել է Արցախի հերոսի բարձրագույն կոչման:
Նման պատմություններն ու անունները շատ են։ Ապրիլյան պատերազմի դասերն արժևորվում են այսպիսի անուններով։ Նրանց մասին հիշելիս մինչև հիմա ու, վստահաբար, շատ տարիներ անց էլ սարսուռ է անցնելու ամեն հայի մարմնով։