Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով կորոնավիրուսի դեպքերին, նշեց, որ թեստավորման ծավալները մեծացվում են, որը շատ կարևոր է։
«Դա ճիշտ մոտեցում է։ Մենք չենք ուզում հնարավորինս քիչ դեպք ախտորոշենք, այլ հակառակը։ Մենք կարող ենք ասել, որ իրավիճակը դեռևս վերահսկելիության շրջանակներում է։ Կա երկու ծայրահեղություն, որից մեկը խուճապն է՝ այս գործընթացի հետ կապված։ Դա անթույլատրելի է, և կարիքը չկա։ Երկրորդ ծայրահեղությունը համատարած հանգստությունն է՝ համաճարակի տարածման հետ կապված»,- ասաց վարչապետը։
Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ երկրում տիրում է համատարած հանդարտություն, ինչը լավ է զուտ սոցիալ-հոգեբանական տեսանկյունից, բայց համաճարակային առումով խնդիր է։
«Այս հանգստությունն է, որ ստեղծում է վտանգ, որ վարակի տեմպը կավելանա։ Սիրելի հայրենակիցներ, խնդրում եմ՝ այդքան հանգիստ մի վերաբերվեք այս խնդրին»,- կոչով քաղաքացիներին դիմեց վարչապետը։