Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը Հայկական տեղեկատվական միասնական կենտրոնում տված ասուլիսի ժամանակ նշեց, որ նախարարությունը ամենօրյա և գրեթե ամենժամյա կապի մեջ է սոցիալապես անապահով քաղաքացիների հետ։
«Բոլոր միջոցներով նրանց հետ կապի մեջ ենք, բոլոր միջոցներով փորձում ենք օգնել, եթե օգնության կարիք ունեն, և կարիքն առաջացել է կորոնավիրուսի հետևանքով կամ այլ պատճառներով։ Նպաստառու կամ աջակցության դիմած քաղաքացիների թիվը 105 հազար է։ Այս քաղաքացիների մշտապես կապի մեջ են մեզ հետ, մարզպետարանների և համայնքապետարանների հետ»,- նշեց Զարուհի Բաթոյանը։
Նախարարը նաև նշեց, որ եթե բազմազավակ ընտանիքը ընտանեկան նպաստի համակարգում է, կորոնավիրուսի հետևանքով նրանց կյանքում փոփոխություն է տեղի ունեցել, այսինքն՝ աշխատանքից են զրկվել, դա նշանակում է, որ անազնիվ են եղել նախարարության հետ։
«Եթե բազմազավակ ընտանիքը ընտանեկան նպաստի համակարգում է և կորոնավիրուսի հետևանքով նրանց կյանքում փոփոխություն է տեղի ունեցել, օրինակ՝ իրենք նախկինում աշխատում էին, բայց հիմա չեն աշխատում, դա նշանակում է, որ նրանք առնվազն կամ այս պահին են անազնիվ, կամ նախկինում են անազնիվ եղել նախարարության հետ»,- նշեց Բաթոյանը։