Ի՞նչ կարիք ունի Կառավարությունը, որ քաղաքացիների 75-80 տոկոսի անվերապահ աջակցությունն է վայելում, քաղաքացիներին ընդհանրապես վերահսկելու։ Քաղաքացիներին վերահսկելու անհրաժեշտություն են ունենում այն կառավարությունները, որոնք չունեն լեգիտիմություն: Այս մասին Կառավարության այսօրվա նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա անհեթեթ համարեց բոլոր այն մեկնաբանությունները, որոնք արվում են, թե արտակարգ դրության ընթացքում վարակակրի տեղակայման վայրը և զանգը ֆիքսելուն միտված նախագիծը քաղաքացիներին վերահսկելու համար է։
«Այս կապակցությամբ ամենաանհեթեթ մեկնաբանություններն են հնչել՝ կապված այն բանի հետ, որ գաղտնալսումներ և այլն։ Հայաստանի օրենսդրությունը տալիս է հնարավորություն օրենքով սահմանված դեպքերում և կարգով, առանց կորոնավիրուսի և այլ տվյալների՝ գաղտնալսել, հետևել, այլ օպերատիվ միջոցներ անել բոլոր այն դեպքերում, երբ օրենքով սահմանված դրա անհրաժեշտությունը կա։ Հետևաբար պետությունն ու կառավարությունը դա իրականացնելու համար որևէ հավելյալ գործիք ներգրավելու անհրաժեշտություն չունեն։ Ում օրենքով սահմանված կարգով պետք է գաղտնալսել, հետևել, այդ բոլոր գործիքակազմը Հայաստանի օրենսդրությամբ կա»,- ընդգծեց վարչապետը։
Նիկոլ Փաշինյանը նաև նշեց, որ այսօր փորձառու երկրների հետ խորհրդակցությունների արդյունքում պարզել են, որ վիրուսի հետապնդման և մեկուսացման քաղաքականությունը շատ թե քիչ արդյունավետ մոտեցում է։
«Պարետատունը միջոցներ ձեռնարկել է, և ոստիկանությունն իր ուժերի ներածին չափով պահպանում է սահմանված արտակարգ դրության ռեժիմը, բայց սա այն դեպը չէ, երբ արտակարգ միջոցներն իրականացվում են քաղաքական կամ այլ նպատակներով։ Սա արվում է մեր քաղաքացիների անվտանգության համար։ Ես կարծում եմ, որ մեր քաղաքացիները նույնպես պետք է խնդրեն, որ ավելի շատ ջանք գործադրենք սեփական անվտանգությունը պահելու համար»,- ասաց Փաշինյանը։
Հիշեցնենք, որ նախագծով նախատեսվում է արտակարգ դրության ընթացում հավաքվելու են հանրային էլեկտրոնային հաղորդակցության ծառայություններ ստացող հաճախորդների կողմից օգտագործված ծառայության վայրը պարզելու համար անհրաժեշտ տվյալներ։