Կառավարությունը հաստատեց կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 9-րդ միջոցառումը։
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը, ներկայացնելով ծրագիրը, նշեց, որ նպատակն է օժանդակել մինչև 18 տարեկան երեխաներ ունեցող ընտանիքներին՝ հաղթահարելու կորոնավիրուսի հետևանքով առաջացած դժվարությունները։
Նախարարի խոսքով՝ միջոցառման շահառուներն են մինչև 18 տարեկան երեխա ունեցող ընտանիքները, որոնց երեխայի ծնողները չեն ունեցել մշտական աշխատանք մինչև 2020-ի մարտի 12-ը և չեն ընդունվել աշխատանքի մարտի 12-31-ն ընկած ժամանակահատվածում։ Հաջորդ խումբը, ըստ նախարարի, այն ընտանիքներն են, որոնք ընդգրկված չեն եղել ընտանիքների անապահովության գնահատման համակարգում։ Ծրագրից կարող են օգտվել այն ծնողները, որոնք մարտի 31-ի դրությամբ չեն հանդիսացել անհատ ձեռնարկատեր, որոնց գործունեությունը դադարեցված չի եղել համապատասխան որոշմամբ։
Զ․Բաթոյանն ասաց, որ այդ ընտանիքներին աջակցությունը տրամադրվում է միանվագ՝ 26.500 դրամի չափով՝ յուրաքանչյուր երեխային։ Նախարարը նշեց, որ ընտանիքը կարող է շահառու դառնալ, եթե երեխայի ծնողներն ապրում են Հայաստանում։
Վարչապետ Փաշինյանը նշեց, որ այս աջակցությունը տրվում է ոչ թե ծնողներին, այլ սոցիալապես անապահով խավի երեխաներին։ Նրա խոսքով՝ այդ ցուցակից դուրս են մնում այն ընտանիքները, որտեղ ծնողները հունվար-փետրվարին ունեցել են 500 հազար դրամի եկամուտ։
Շահառու ընտանիքներին հատկացումները կտրվեն ապրիլի 15-ից։