Հայկական տեղեկատվական միասնական կենտրոնում առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, անդրադառնալով ստեղծված իրավիճակին, նշեց, որ ապրիլի 1-ին իրականացվել է 328 նմուշի հետազոտություն, որից 92-ը՝ դրական պատասխանով։ Նախարարը նշեց, որ դրական թեստեր հանձնած անձանց մեծ մասը մեկուսացված է եղել, բայց կան նաև նոր՝ դրսից ներմուծված դեպքեր, որոնք մեր հայրենակիցներն են բերել արտերկրից։ Թորոսյանը նշեց, որ բոլոր նոր դեպքերի շփման շրջանակը պարզվում է, բայց, իր կարծիքով, դա այնքան էլ մեծ չէ։
«Հաշվի առնելով այս թվերը՝ պետք է առավել քան զգոն լինենք դրա տարածումը կանխելու համար։ Իհարկե պետք չի խուճապի մատնվել, բայց մեր կողմից խորհուրդ տրվող հիգիենայի սահմանափակումները և այլ գործողություններ պետք է կրկնապատկել, եռապատկել, հնարավորինս այնքան անել, որ մենք կարողանանք կոտրել դրա տարածումը։ Այլ տարբերակ, քան հայտնաբերել և տարածման ուղիները կոտրել, կանխարգելիչ առումով պարզապես չկա»,- նշեց Թորոսյանը՝ ևս մեկ անգամ կոչ անելով իրավիճակին լրջորեն և սեփական պատասխանատվության զգացողությամբ վերաբերվել, քանի որ մեծ վտանգի տակ են քրոնիկական հիվանդություններ ունեցող և տարեց քաղաքացիները։
Նախարարը նաև հայտնեց, որ պայքարի շրջանակում 16 հյուրանոցային համալիրներում և հանգստյան տներում կան պահվող քաղաքացիներ, որոնց մի մասը վարակված, բայց շատ թեթև տանող հիվանդներն են, մյուս մասն էլ՝ վարակված անձանց հետ շփում ունեցած մարդիկ։
Առողջապահության համակարգի կամ ենթահամակարգի նման հսկայածավալ, միաժամանակյա ծավալում միգուցե եղել է միայն պատերազմական դրության ժամանակ՝ 90-ականներին՝ նշեց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ու իր երախտագիտությունը հայտնեց ոլորտի բոլոր աշխատակիցներին։
Նախարարը նշեց նաև, որ առնվազն տեսանելի ապագայում տեսականորեն հնարավոր է ամբողջ բնակչությանը թեստավորել, իսկ գործնականում՝ ոչ, հավելելով, որ կա նաև այլ հարց՝ դա ի՞նչ կտա։
«Այդ պահին վիրուսի բավական մեծ ծանրաբեռնվածություն ունեցող անձանց մոտ կտա դրական արդյունք, որից հետո մենք կարող ենք որոշել նրանց մեկուսացնենք, բուժենք կամ ոչինչ չանենք, քանի որ էլ տեղ չկա հիվանդանոցներում։ Բացասականների մասով մենք ոչ մի երաշխիք չունենք, որ նրանց մոտ վիրուսային ծանրաբեռնվածությունը չի արտահայտվի թեստավորումից 2 կամ 3 օր հետո։ Դա նշանակում է, որ ամբողջ ազգաբնակչությանը պետք է պարբերաբար թեստավորենք։ Մենք մեծացնում ենք թեստավորման մեր ծավալները և շուտով կհասնենք օրական 400-500 թեստի, մի քիչ ավելի ուշ՝ նոր սարքավորումների ձեռքբերմամբ, կկարողանանք օրական մոտ 1500 թեստ անել»,- նշեց նախարարը։