ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այցելել է ՊՆ «Զինուժ մեդիա» պետական հիմնարկ, հետևել վերանորոգման և վերազինման աշխատանքների ընթացքին։
ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետը գերատեսչության ղեկավարին է ներկայացրել կատարված աշխատանքները, ստեղծված նոր ենթակառուցվածքները։
Գևորգ Ալթունյանը նշել է, որ ամբողջ տարածքում կատարվել է հիմնանորոգում, ձեռք է բերվել նոր գույք, հիմնովին վերազինվել են «Զինուժ մեդիայի» տաղավարները և մոնտաժային սրահները։
Նոր սրահներում, աշխատասենյակներում, տաղավարներում կպատրաստվեն «Զինուժ» հեռուստածրագրի թողարկումները և «Հայ զինվոր» հանդեսի համարները։
«Զինուժ մեդիա» ՊՀ պետ, փոխգնդապետ Կարեն Պետրոսյանը ՀՀ պաշտպանության նախարարին տեղեկացրել է, որ առաջիկայում սպասվում են նաև բովանդակային փոփոխություններ հեռուստածրագրում և հանդեսում, հեռուստադիտողին և ընթերցողին կներկայացվեն նոր խորագրեր։ Նոր եթերաշրջանում «Զինուժ մեդիան» կուժեղացնի իր դիրքերը նաև վիրտուալ տիրույթում։