Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանն ասուլիսի ընթացքում ներկայացրեց սոցիալական աջակցության ծրագրերը։ Դրանցից մեկը վերաբերում է այն քաղաքացիներին, որոնք աշխատանքային պայմանագիր կամ աշխատանքի ընդունման իրավական ակտի համաձայն աշխատել են մասնավոր սեկտորում առնվազն այս տարվա մարտի 1-ից մինչև մարտի 13-ն անընդմեջ և ազատվել են 2020 թվականի մարտի 13-30-ը։
-
«Ծրագրի շահառու կարող է դառնալ միայն այն դեպքում, երբ 2020 թվականի հունվարի 1-ից մարտի 13-ը փոխել է աշխատանքը, սակայն նախորդ աշխատանքից ազատման օրվա և նոր աշխատատեղում պայմանագիր կնքելու ժամանակահատվածը չի գերազանցում 3 օրը։ Աջակցությունը սահմանված է նվազագույն աշխատավարձի չափով»,- տեղեկացրեց նախարարը։
-
Նախարարը երկայացրեց, որ ծրագրերից մեկն էլ վերաբերում է հղի կանանց, որի շահառու կարող են դառնալ այն հղի կանայք, որոնք 2020 թվականի մարտի 30-ի դրույթամբ չեն աշխատում, ամուսինը եղել է գրանցված աշխատող և ազատվել է աշխատանքից մարտի 13-30-ը։ Աջակցություն կարող են ստանալ այն հղի կանայք, որոնք միայնակ են և 2020 թ. մարտի 30-ի դրությամբ չեն աշխատել։ Աջակցության չափը՝ 100․000 դրամ։
-
Աջակցության ծրագրերից մեկն էլ նախատեսված է այն ոլորտների համար, որոնք տուժել են կորոնավիրուսի հետևանքների պատճառով։ Հյուրանոցներ, հյուրատնային, հանրային սննդի, զբոսաշրջային, վարսավիրանոցների, մանրածախ առևտրի ծառայությունների գրանցված աշխատողների համար է։ Տուժած չեն համարվում այն մանրածախ առևտրի ծառայությունները, որոնց շրջանակներում վաճառվում է նաև սննդամթերք, ծխախոտ, ալկոհոլային խմիչքներ, դեղորայք։ «Եթե 2020 թվականի հունվար-փետրվար ամիսների ընթացքում աշխատողի միջին ամսական աշխատավարձը գերազանցել է նվազագույն աշխատավարձի չափը, ապա աջակցությունը կկազմի այդ ամիսներին նրանց ստացած միջին ամսական աշխատավարձի 50 տոկոսի չափ։ Եթե 2020 թվականի հունվար-փետրվարին աշխատողի աշխատավարձը նվազագույն աշխատավարձից քիչ է, ապա աջակցությունը կկազմի այդ ամիսների նրա ստացած միջին ամսական աշխատավարձի չափ»,- տեղեկացրեց նախարարը։
-
Զարուհի Բաթոյանը ներկայացրեց նաև ծրագիրը, որն այսօր է ընդունվել Կառավարության նիստում։ Հիշեցնենք, նախագծով աջակցություն է տրամադրվելու այն երեխաներին, որոնց ծնողները կամ ծնողներից մեկը չի ունեցել գրանցված աշխատանք մարտի 12-ի դրությամբ և չի ընդունվել ժամանակավոր կամ մշտական աշխատանքի 2020 թվականի մարտի 12-31-ն ընկած ժամանակահատվածում։
-
Հիշեցնենք նաև, որ ծրագրերից մեկն էլ վերաբերում է մինչև 14 տարեկան երեխա ունեցող այն քաղաքացիներին, որոնք ազատվել են աշխատանքից մարտի 13-25-ն ընկած ժամանակահատվածում։