Կառավարության այսօրվա նիստի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ մարտի 31-ին Արցախում անցկացված խորհրդարանական ու նախագահական ընտրություններին։ «Ուզում եմ Արցախի ժողովրդին, մեզ բոլորիս շնորհավորել տեղի ունեցած ընտրությունների առիթով։ Ես կարծում եմ, որ տեղի են ունեցել բարձր մակարդակի ընտրություններ, և դրա մասին վկայում են ընտրությունների պաշտոնական արդյունքները։ Արձանագրենք, որ նախագահական ընտրությունների հանգուցալուծումն առաջին փուլով տալու համար թեկնածուներից մեկին՝ «Ազատ Հայրենիք» կուսակցության ղեկավար Արայիկ Հարությունյանին, նախնական արդյունքներով չի հերիքել ընդամենը մի քանի հարյուր ձայն։ Կարծում եմ՝ այս փաստն ինքնին բավականին խոսուն է։ Խոսուն է նաև նախագահի թեկնածուների և խորհրդարանական ընտրություններին մասնակցող ուժերի աննախադեպ մեծ թիվը»,- ասաց վարչապետը։
Նիկոլ Փաշինյանն ընդգծեց նաև, որ խոսուն է այն, որ խորհրդարանական ընտրությունների արդյունքներով երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցրել են ոչ թե իշխանական, այլ ընդդիմադիր ուժեր։ «Կարծում եմ, որ Արցախում ժողովրդավարության հետագա զարգացումը կարևոր է նաև հարցի արդարացի կարգավորման և մեր տարածաշրջանում անվտանգության և կայունության ապահովման տեսանկյունից»,- նշեց վարչապետը։