Կառավարության այսօրվա նիստին առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ներկայացրեց կորոնավիրուսի տարածման դինամիկան Հայաստանում։ Նախարարը նշեց, որ այսօրվա տվյալներով ունենք 92 դրական դեպքեր, որոնց գերակշիռ մասն ի սկզբանե կարանտինում է եղել։
«Իհարկե կան նաև նոր դեպքեր, որոնք բերվել են դրսից, տարբեր երկրներից՝ և՛ ցամաքային, և՛ օդային սահմաններով։ Դրանց բոլորի շփման շրջանակը պարզվում է։ Ուզում եմ հայտնել, որ այս պահի դրությամբ ունենք 16 հաստատություն, որտեղ պահվում են մեր թե՛ դրական, բայց թեթև ձևերով քաղաքացիները, թե՛ այն քաղաքացիները, որոնք շփվել են հաստատված կոնտակտավորների հետ։ Ուզում եմ նաև հայտնել, որ այս պահի դրությամբ արդեն 9 բժշկական հաստատություններ զբաղվում են գրեթե միայն կորոնավիրուսի պացիենտների բուժումով։ Դրանք են՝ Նորքի ինֆեկցիոնը, օրթոպեդիայի ինստիտուտը, ոստիկանության հոսպիտալը, «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի ծննդատան մասնաշենքը, Արտաշատի ԲԿ-ն, Գյումրու և Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոցները, Կապանի ԲԿ-ի առանձին մասնաշենքը։ Հաշվի առնելով թվերի մեծացումը՝ մենք հաշվի ենք առել, որ մեր ամենամեծ ԲԿ-ն՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչը», կդատարկվի և կծավալվի որպես միայն կորոնավիրուսի դեմ պայքարի հիվանդանոց»,- նշեց նախարար Թորոսյանը։
Նախարարը նշեց, որ այդպիսի որոշում է կայացվել, քանի որ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոցն ու նի մահճակալային ամենամեծ ֆոնդը։
Վարչապետ ՆԻկոլ Փաշինյանը նշեց, որ մեկ օրվա տվյալներով հետևություններ անելը սխալ է, բայց մենք կանգնած ենք դեպքերի թվի աճի վտանգի առաջ՝ չնայած օրինակ նախորդ օրը տեմպի նվազում կար։
«Այստեղ կարևոր է արձանագրել, որ մենք թեստավորման քանակները մեծցնում ենք։ Դա ճիշտ մոտեցում է։ Մենք չենք ուզում հնարավորինս քիչ դեպք ախտորոշենք, ընդհակառակը՝ մենք ուզում ենք հնարավորինս շատ դեպք ախտորոշենք։ Այստեղ ընդհանուր առմամբ մեր իրավիճակը դեռևս վերահսկողության շրջանակներում է։ Բայց մենք ունենք երկու ծայրահեղություն՝ խուճապը և համատարած հանգստությունը այս համաճարակի տարածման հետ կապված։ Մենք սկզբնական շրջանում կարողացանք կանխել այդ խուճապային մթնոլորտը, բայց ոնց հասկացա չափից շատ ենք հանգստացրել։ Դա լավ է սուցիալ-հոգեբանական տեսակետից, բայց համաճարակային տեսակետից դա պրոբլեմ է։ Այս հանգստությունն է, որ մեզ համար ստեղծում է վտանգ, որ վարակի տեմպը կավելանա»,- նշեց վարչապետը՝ ևս մեկ անգամ կոչ անելով այդքան հանգիստ չվերաբերել խնդրին։