Ուկրաինայի ՆԳ նախարար Արսեն Ավակովն ասել է, որ կորոնավիրուսի համաճարակի պայմաններում արտերկրից ուկրաինացիներին տարհանելն աննպատակահարմար է: Այս մասին նա գրել է Ֆեյսբուքի էջում, հաղորդում է Lenta.ru-ն:
«Ներքին գործերի նախարարությունը այլևս չի համաձայնի որևէ թռիչքի: Ուղևորատար օդային հաղորդակցությունը փակ է: Բացառությունները հազվադեպ կլինեն»,- գրել է Ավակովը:
Ըստ նրա՝ ճիշտ չէ վտանգել միլիոնավոր քաղաքացիներին մի քանի հազար զբոսաշրջիկների համար: Ավակովը վրդովված է, որ մարտի 13-ին հազարավոր ուկրաինացիներ անտեսեցին հայրենիք վերադառնալու նախագահ Վլադիմիր Զելենսկու կոչը:
Նա շեշտել է, որ Կիևում բնակիչների վարակման դեպքերի 75 տոկոսը վերջերս արտասահմանյան ուղևորություններից վերադարձած քաղաքացիներ են: Մնացած 25 տոկոսը նրանցից վարակվածներն են:
Ուկրաինայի ՆԳ նախարարը նաև նշել է, որ կորոնավիրուսի համաճարակի պատճառով Ուկրաինայում կարանտինը կարող է ձգվել առնվազն մինչև մայիսի կեսը: