ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ուսումնասիրվել են Երևանի Ն. Տիգրանյան 1/1 փակուղի հասցեում իրականացվող շինարարության վերաբերյալ ՀՀ վարչապետի աշխատակազմից ստացված փաստաթղթերը: Ուսումնասիրության համակողմանիությունն ապահովելու համար անհրաժեշտ փաստաթղթեր են պահանջվել և ստացվել նաև ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնից:
Արդյունքում պարզվել է, որ առևտրային ընկերության կողմից Արաբկիր վարչական շրջանի նշված հասցեում բնակելի թաղամասի կառուցման աշխատանքային նախագծային փաստաթղթերի մշակման համար Երևանի քաղաքապետի կողմից 2018 թ. մարտի 2-ին տրվել է նախագծման թույլտվություն: Համաձայն վերջինիս՝ թույլատրվել է մշակել թվով 5 բնակելի շենքերից բաղկացած թաղամասի կառուցապատման նախագիծ՝ գործող նորմատիվային պահանջների համաձայն նախատեսելով ապահովել հարակից շինություններից և միմյանցից կառույցների վերգետնյա մասերի անհրաժեշտ նվազագույն հեռավորությունը։
Երևանի քաղաքապետի կողմից 2018 թ. ապրիլի 27-ին ընկերությանը տրվել է հիշյալ բնակելի թաղամասի կառուցման շինարարության թույլտվությունը։ Դրա համար հիմք են հանդիսացել ինչպես նախագծման թույլտվությունը, մասնագիտացած ընկերության կողմից մշակված աշխատանքային նախագիծը, վերջինիս վերաբերյալ մեկ այլ ընկերության կողմից հաստատված փորձաքննության եզրակացությունը, այնպես էլ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության, ՀՀ շրջակա միջավայրի պաշտպանության նախարարության «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ի տված եզրակացությունները։
Սակայն ավելի ուշ ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի կողմից կատարված ուսումնասիրությամբ պարզվել է, որ բնակելի թաղամասի մասնաշենքերից մեկը գտնվում է հարակից տարածքում եղած արտադրական օբյեկտից 3,4 մետր, իսկ մեկ այլ մասնաշենք՝ 9,3 մետր հեռավորության վրա: Այսինքն՝ բնակելի թաղամասը արտադրական գոտում կառուցելուց հաշվի չի առնվել շինարարական նորմի այն պահանջը, համաձայն որի՝ հասարակական և խառը կառուցապատման գոտիներին կից տեղակայված արտադրական օբյեկտների հողամասերի սահմանից հեռավորությունը մինչև բնակելի և հասարակական շենքերը, ինչպես նաև հանրակրթական դպրոցների և նախադպրոցական, առողջապահական և հանգստի հաստատությունների հողամասերի սահմանները, պետք է լինի 50մ-ից ոչ պակաս:
Ընդ որում, բազմաթիվ քաղաքացիների հետ կնքվել են կառուցվող բնակելի թաղամասի շենքերում գտնվող անշարժ գույքերը գնելու իրավունքի մասին պայմանագրեր, որոնք ստացել են պետական գրանցում:
Այսինքն ուսումանսիրությամբ պարզվել է, որ կառուցապատման նախագծի ճարտարապետաշինարարական մասը մշակած ընկերության ծառայողի կողմից կազմվել է նախագծման թույլտվության և շինարարական նորմերով սահմանված պահանջներին հակասող՝ բնակելի թաղամասի նախագիծ, իսկ փորձաքննության եզրակացությունը հաստատած առևտրային ընկերության ծառայողի, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության և ՀՀ շրջակա միջավայրի պաշտպանության նախարարության «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ պաշտոնատար անձանց կողմից նախագծի վերաբերյալ տրվել են առերևույթ ակնհայտ կեղծ բովանդակությամբ եզրակացություններ, որոնք տրամադրվել են շինթույլտվություն ստացող ընկերությանը, վերջինս էլ իր հերթին դրանք ներկայացրել է Երևանի քաղաքապետարան։
Երևանի քաղաքապետարանի պաշտոնատար անձինք իրենց հերթին անտեսել են շինարարական նորմերով և նախագծման թույլտվությամբ սահմանված պահանջները: Արդյունքում տրվել է առերևույթ ակնհայտ կեղծ բովանդակությամբ շինթույլտվություն, ինչը հարակից տարածքում գտնվող արտադրական օբյեկտի սեփականատիրոջ և անշարժ գույք գնելու իրավունքի մասին պայմանագրեր կնքած քաղաքացիների համար առաջացրել է ծանր հետևանքներ։
Նկատի ունենալով, որ ուսումնասիրություններով ի հայտ են բերվել ենթադրյալ հանցավոր արարքների հատկանիշներ պարունակող փաստական տվյալներ՝ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով և 314-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ:
Նախաքննություն կատարելու հանձնարարությամբ քրեական գործն ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտե:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: