Լյուքսեմբուրգի արտաքին գործերի նախարար Ժան Ասելբորնը կոչ է արել պատժամիջոցներ կիրառել Հունգարիայի նկատմամբ՝ վարչապետ Վիկտոր Օրբանի կառավարությունը անվանելով «բռնատիրական»: Դա կապված է երկրում ներդրված արտակարգ ռեժիմի չարաշահման հետ՝ պայմանավորված կորոնավիրուսային համաճարակով: Լյուքսեմբուրգի արտգործնախարարն առաջարկել է Հունգարիային ուղարկել «քաղաքական կարանտինի»:
Մարտի 30-ին Հունգարիայի խորհրդարանի հաստատած նոր օրինագծով երկարաձգվել են վարչապետ Վիկտոր Օրբանի կառավարության լիազորությունները: Նոր օրենքը հնարավորություն է տալիս Օրբանին միանձնյա ղեկավարել երկիրը՝ ընդունել որոշումներ, դադարեցնել որոշ օրենքների գործունեությունը՝ առանց խորհրդարանի համաձայնության:
Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը, սակայն, փորձել է խուսափել Բուդապեշտի հետ անմիջական դիմակայությունից,՝ վստահեցնելով, որ «Եվրահանձնաժողովը ի վիճակի է հետևել արտակարգ միջոցառումների կիրառմանը ԵՄ բոլոր պետություններում»: