ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հարց ու պատասխանի տեսքով ներկայացրել է մանրամասներ կորոնավիրուսի հետևանքների չեզոքացման սոցիալական ծրագրերը։
Հարցուպատասխան՝ կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման ութերորդ միջոցառման մասին
-
Ո՞ւմ է վերաբերում Կառավարության այս որոշումը:
Որոշումը վերաբերում է կորոնավիրուսի տարածման պատճառով ամենից շատ տուժած ոլորտների աշխատակիցներին և անհատ ձեռնարկատերերին:
-
Որո՞նք են համարվում կորոնավիրուսի տարածման պատճառով ամենից շատ տուժած ոլորտներ:
-
Հյուրանոցային և հյուրատնային ծառայություններ.
-
Հանրային սննդի ծառայություններ.
-
Զբոսաշրջային ծառայություններ.
-
Վարսավիրանոցների և գեղեցկության սրահների ծառայություններ.
-
Մանրածախ առևտրի ծառայություններ, այդ թվում՝ առևտրի կենտրոնում կամ առևտրի իրականացման վայրում առք ու վաճառքի գործունեություն:
-
Կա՞ն արդյոք բացառություններ՝ վերոնշյալ ցանկում նկարագրված գործունեություն ծավալողների` տուժած ոլորտ համարվելու համար:
Այո, կան: Տուժած չեն համարվում այն մանրածախ առևտրի ծառայությունները, որոնց շրջանակներում վաճառվում է նաև սննդամթերք, ծխախոտ, ալկոհոլային խմիչքներ կամ դեղորայք՝ անկախ դրանց քանակից:
-
Եթե տնտեսվարողը կամ անհատ ձեռնարկատերը գործունեություն է ծավալում վերոնշյալ ցուցակում առանձնացված մի քանի ոլորտներում, ինչպե՞ս է իրականացվելու դրա աշխատակցների աջակցության տրամադրումը:
Նման դեպքերում այդ գործատուների աշխատակիցների աջակցության չափն ու կարգը կորոշվի ՀՀ կառավարության առանձին որոշմամբ:
-
Ո՞ւմ է տրվում այս միջոցառմամբ սահմանված աջակցությունը՝ տուժած ոլորտում գործունեություն ծավալող գործատուների՞ն, թե՞ վարձու աշխատողներին:
Աջակցությունը նախատեսված է վարձու աշխատողների համար, ոչ թե գործատուների:
-
Ո՞ր վարձու աշխատողը կարող է աջակցություն ստանալ այս միջոցառման շրջանակում:
Աջակցություն կարող են ստանալ այն քաղաքացիները, ովքեր 2020 թ. մարտի 13-30-ն ընկած ժամանակահատվածում եղել են Տուժած ոլորտի վարձու աշխատող:
-
Որքա՞ն աջակցություն է ստանալու տուժած ոլորտի վարձու աշխատողը:
Եթե 2020 թ. հունվար և փետրվար ամիսների ընթացքում աշխատողի միջին ամսական աշխատավարձը գերազանցել է նվազագույն աշխատավարձի չափը՝ 68.000 դրամը, ապա աջակցությունը կկազմի այդ ամիսներին նրա ստացած միջին ամսական աշխատավարձի 50 %-ի չափ: Այդ գումարը չի կարող լինել ամսական նվազագույն աշխատավարձից՝ 68.000 դրամից պակաս, և չի կարող լինել ամսական նվազագույն աշխատավարձի կրկնապատիկից ավելի:
Եթե 2020 թ. հունվար և փետրվար ամիսների ընթացքում աշխատողի միջին ամսական աշխատավարձը ավելի քիչ է, քան նվազագույն աշխատավարձի չափը՝ 68.000 դրամը, ապա աջակցությունը կկազմի այդ ամիսներին նրա ստացած միջին ամսական աշխատավարձի չափ:
-
Որքա՞ն կկազմի աջակցությունը տուժած ոլորտներում աշխատող անհատ ձեռնարկատերերի համար:
Աջակցությունը կկազմի ԱՁ-ի՝ 2019 թ. 4-րդ եռամսյակի իրացման շրջանառության 10%-ի չափ, բայց այդ գումարը չի կարող լինել ամսական նվազագույն աշխատավարձի կրկնապատիկից ավելի:
-
Ի՞նչ ժամանակահատվածի համար է նախատեսված այս աջակցությունը:
Աջակցության տրամադրումը նախատեսված է միանվագ, այսինքն՝ մեկ անգամ:
-
Եթե ես համատեղության կարգով աշխատում եմ տուժած ոլորտներում գործունեություն ծավալող մի քանի գործատուի մոտ, ինչպե՞ս է որոշվելու ինձ տրամադրվող աջակցության չափը և կարգը:
Այս դեպքերում հիմք է ընդունվելու Ձեր բոլոր գործատուների կողմից 2020 թ. հունվար և փետրվար ամիսներին ներկայացված եկամուտների հանրագումարը, իսկ աջակցության չափը հաշվարկվելու է Հարցուպատասխանի 7-րդ կետով սահմանված կարգով:
-
Եթե ես մի դեպքում տուժած ոլորտի վարձու աշխատող եմ, մյուս դեպքում՝ տուժած ոլորտում գործունեություն ծավալող անհատ ձեռնարկատեր, ինչպե՞ս է հաշվարկվելու ինձ տրամադրվող աջակցության չափը:
Այս դեպքում Ձեզ համար առանձին կհաշվարկվի աջակցության չափ՝ որպես վարձու աշխատող, և առանձին՝ որպես անհատ ձեռնարկատեր: Դուք կստանաք երկու հաշվարկների համեմատության արդյունքում առավել մեծ չափը կազմող աջակցությունը:
-
Ինչպե՞ս կարող եմ դիմել՝ աջակցություն ստանալու համար:
Դիմել կարող եք www.online.ssa.am կայքի միջոցով դիմում ներկայացնելով:
-
Արդյոք իմ անձնական տվյալները հրապարակվելո՞ւ են:
Այո, այս միջոցառման շրջանակում աջակցություն ստացողների անձնական տվյալները հրապարակվելու են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կայքում:
-
Ե՞րբ կարող եմ դիմել աջակցության համար:
Այս միջոցառման շրջանակում աջակցության տրամադրման կարգը կհաստատվի 2020 թ. ապրիլի 9-ին, ինչից հետո կհայտարարվի դիմելու ընթացակարգը:
ՀՀ կառավարության 30.03.2020 թ. թիվ 412-Լ որոշումը կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման ութերորդ միջոցառումը հաստատելու մասին
Հարցուպատասխան՝ կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման յոթերորդ միջոցառման մասին
-
Ո՞ւմ է վերաբերում Կառավարության այս որոշումը:
Ծրագրի շահառու կարող է դառնալ այն հղի կինը, որը 2020 թ. մարտի 30-ի դրությամբ չի աշխատում և ում ամուսինը եղել է ԳՐԱՆՑՎԱԾ աշխատող և աշխատանքից ազատվել է 2020 թ. մարտի 13-30-ն ընկած ժամանակահատվածում:
Աջակցություն կարող են ստանալ այն հղի կանայք, ովքեր միայնակ են և 2020 թ. մարտի 30-ի դրությամբ չեն աշխատում:
-
Որքա՞ն է կազմելու պետության կողմից տրամադրվող աջակցությունը:
Աջակցությունը տրամադրվելու է 100.000 դրամի չափով: Գումարը չի հարկվելու:
-
Ի՞նչ ժամանակահատվածի համար է նախատեսված այս աջակցությունը:
Աջակցության տրամադրումը նախատեսված է միանվագ, այսինքն՝ մեկ անգամ:
-
Ինչպե՞ս և ո՞ւմ դիմել՝ աջակցություն ստանալու համար:
Աջակցության տրամադրման կարգը կհաստատվի ապրիլի 1-ին, ինչից հետո կհայտարարվի դիմելու ընթացակարգը:
ՀՀ կառավարության 30.03.2020 թ. թիվ 411-Լ որոշումը կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման յոթերորդ միջոցառումը հաստատելու մասին
Հարցուպատասխան՝ կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման վեցերորդ միջոցառման մասին
-
Ո՞ւմ է վերաբերում Կառավարության այս որոշումը:
Ծրագրի շահառու կարող են դառնալ բոլոր այն քաղաքացիները, ովքեր աշխատանքային պայմանագրի կամ աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտի համաձայն՝ աշխատել են մասնավոր սեկտորում՝ առնվազն 2020 թ. հունվարի 1-ից մինչև մարտի 13-ն անընդմեջ, և ազատվել են աշխատանքից 2020 թ. մարտի 13-30-ն ընկած ժամանակահատվածում:
-
Եթե 2020 թ. հունվարի 1-ից մինչև մարտի 13-ն ընկած ժամանակահատվածում փոխել եմ աշխատանքս, իսկ մարտի 13-30-ն ընկած ժամանակահատվածում ազատվել աշխատանքից, կարո՞ղ եմ արդյոք դառնալ ծրագրի շահառու:
Ծրագրի շահառու կարող եք դառնալ միայն այն դեպքում, եթե 2020 թ. հունվարի 1-ից մարտի 13-ն ընկած ժամանակահատվածում փոխել եք աշխատանքը, սակայն նախորդ աշխատանքից ազատման օրվա և նոր տեղում աշխատանքային պայմանագրի մեկնարկի օրվա միջև տարբերությունը չի գերազանցում 3 օրը:
-
Կարո՞ղ են արդյոք աջակցությունից օգտվել անհատ ձեռնարկատերերը (ԱՁ):
Այո, կարող են, եթե 2020 թ. մարտի 30-ի դրությամբ եղել են անհատ ձեռնարկատեր և ում գործունեությունը ՀՀ Հարկային օրենսգրքով նախատեսված կարգով դադարեցվել է՝ մինչև 2020 թ. մարտի 30-ը:
-
Եթե ես աշխատանքի եմ ընդունվել 2020 թ. փետրվարի 1-ին և ազատվել աշխատանքից մարտի 13-30-ն ընկած ժամանակահատվածում, կարո՞ղ եմ արդյոք շահառու դառնալ:
Ոչ, չեք կարող: Շահառու կարող են դառնալ միայն այն քաղաքացիները, ովքեր մասնավոր սեկտորում գրանցված աշխատող են եղել առնվազն 2020 թ. հունվարի 1-ից սկսած:
-
Կան ոլորտներ, որոնց աշխատակիցները չեն կարող համարվել ծրագրի շահառու:
Այո, ծրագրի շահառու չեն կարող դառնալ այն քաղաքացիները, ովքեր աշխատել են բանկերում, վարկային կազմակերպություններում, գրավատներում, ապահովագրական ընկերություններում, արտարժույթի փոխանակման կետերում, արժեթղթերի առք ու վաճառքով զբաղվող կազմակերպություններում, ներդրումային կազմակերպություններում, ներդրումային ֆոնդերում, վիճակախաղերի և շահումով խաղերի կազմակերպմամբ զբաղվող ընկերություններում:
-
Որքա՞ն է կազմելու պետության կողմից տրամադրվող աջակցությունը:
Աջակցությունը տրամադրվելու է ՀՀ նվազագույն աշխատավարձի չափով՝ 68.000 դրամ: Գումարը չի հարկվելու:
-
Ի՞նչ ժամանակահատվածի համար է նախատեսված այս աջակցությունը:
Աջակցության տրամադրումը նախատեսված է միանվագ, այսինքն՝ մեկ անգամ:
-
Կա՞ն արդյոք բացառություններ՝ մասնավոր սեկտորում աշխատող և մարտի 13-30-ն ընկած ժամանակահատվածում աշխատանքից ազատված անձանց դեպքում:
Այո, կան: Ծրագրի շահառու չեն կարող հանդիսանալ այն քաղաքացիները, ում՝ աշխատանքից ազատվելուն նախորդող 2 ամիսների ընթացքում ստացած աշխատավարձը գերազանցում է 500.000 դրամը:
Շահառու չեն կարող դառնալ նաև այն քաղաքացիները, ովքեր 2020 թ. հունվարի 1-ից մարտի 30-ն ընկած ժամանակահատվածում աշխատանքային հարաբերություններ են ունեցել այլ գործատուի հետ կամ նույն գործատու հետ ունեցել են 1-ից ավելի աշխատանքային պայմանագիր կամ աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտ:
Այս միջոցառմամբ աջակցություն չեն կարող ստանալ նաև այն քաղաքացիները, ովքեր շահառու են դարձել ՀՀ կառավարության 26.03.2020 թ. N 358-Լ որոշումը կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման չորրորդ միջոցառմանը:
-
Ինչպե՞ս և ո՞ւմ դիմել՝ աջակցություն ստանալու համար:
Աջակցության տրամադրման կարգը կհաստատվի ապրիլի 2-ին, ինչից հետո կհայտարարվի դիմելու ընթացակարգը:
ՀՀ կառավարության 30.03.2020 թ. թիվ 410-Լ որոշումը կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման վեցերորդ միջոցառումը հաստատելու մասին
Հարցուպատասխան՝ կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման չորրորդ միջոցառման մասին
-
Ո՞ւմ է վերաբերում Կառավարության այս որոշումը:
Ծրագրով նախատեսված աջակցությունից կարող են օգտվել բոլոր այն քաղաքացիները, որոնց ընտանիքներում կա մինչև 14 տարեկան երեխա, որի երկու ծնողները եղել են գրանցված աշխատողներ և ազատվել են աշխատանքից 2020 թ.-ի մարտի 13-25-ն ընկած ժամանակահատվածում:
Աջակցություն կարող են ստանալ նաև այն ընտանիքները, որտեղ մինչև 14 տարեկան երեխայի ծնողներից մեկն է եղել գրանցված աշխատող և ազատվել է աշխատանքից 2020 թ. մարտի 13-25-ն ընկած ժամանակահատվածում, իսկ մյուս ծնողը չի աշխատել:
Աջակցություն կարող են ստանալ նաև այն քաղաքացիները, ովքեր ունեն մինչև 14 տարեկան երեխա, եղել են ԳՐԱՆՑՎԱԾ ԱՇԽԱՏՈՂ և ազատվել են աշխատանքից 2020 թ. մարտի 13-25-ն ընկած ժամանակահատվածում, իսկ երեխայի մյուս ծնողը մահացած է, ճանաչված է մահացած կամ անհայտ կորած:
Շահառու կարող է դառնալ նաև մինչև 14 տարեկան երեխա ունեցող միայնակ մայրը կամ երեխայի հետ բնակվող ծնողը (եթե երեխայի ծնողներն ամուսնալուծված են), ով եղել է ԳՐԱՆՑՎԱԾ ԱՇԽԱՏՈՂ և ազատվել է աշխատանքից 2020 թ.-ի մարտի 13-25-ն ընկած ժամանակահատվածում:
-
Կարո՞ղ են արդյոք ծրագրի շահառու դառնալ ՉԳՐԱՆՑՎԱԾ աշխատողները:
Ո՛չ, չեն կարող:
-
Որքա՞ն է կազմելու պետության կողմից տրամադրվող աջակցությունը:
Աջակցությունը տրամադրվելու է ընտանիքում առկա մինչև 14 տարեկան ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ երեխայի համար՝ 100.000-ական դրամի չափով: Գումարը չի հարկվելու:
-
Ի՞նչ ժամանակահատվածի համար է նախատեսված այս աջակցությունը:
Աջակցության տրամադրումը նախատեսված է միանվագ, այիսնքն՝ մեկ անգամ:
-
Կա՞ն արդյոք բացառություններ՝ մինչև 14 տարեկան երեխա ունեցող, աշխատող և մարտի 13-25-ն ընկած ժամանակահատվածում աշխատանքից ազատված անձանց դեպքում:
Այո, կան: Ծրագրի շահառու չեն կարող հանդիսանալ այն քաղաքացիները, ում՝ աշխատանքից ազատվելուն նախորդող 2 ամիսների ընթացքում ստացած աշխատավարձը գերազանցում է 500.000 դրամը:
Աջակցություն չեն կարող ստանալ նաև այն քաղաքացիները, ովքեր աշխատանքից ազատվելուց հետո անցել են այլ աշխատանքի՝ 2020 թ. մարտի 13-25-ն ընկած ժամանակահատվածում:
ՀՀ կառավարության 26.03.2020 թ. N 358-Լ որոշումը կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման չորրորդ միջոցառումը հաստատելու մասին