Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը, անդրադառնալով ԱԺ արտահերթ նիստում ընդունված աղմկահարույց նախագծին, կրկին նշեց, որ այն որևէ կերպ գաղտնալսման կամ տեղեկությունների բացահայտման մասին չէ, նաև տեխնիկապես դա հնարավոր չէ։
«Նախագիծը նաև տեխնիկապես հնարավորություն չի տալիս քաղաքացիների զանգերը գաղտնալսել, ծանոթանալ՝ լինեն դրանք կարճ հաղորդագրություններ թե հեռախոսային զանգեր։ Նպատակը բոլորովին այլ է։ Այս կարգավորումները, որոնք նախատեսում են մասնավոր, ընտանեկան կյանքին և մի շարք այլ իրավունքներին համաչափ միջամտություն, բացառապես արտակարգ դրության ժամանակ են կիրառվելու։ Այսինքն՝ արտակարգ դրությունից հետո նման որևէ սահմանափակում հնարավոր չէ, որ շարունակի գործել։ Ավելին՝ սա վերաբերում է միայն այնպիսի արտակարգ դրությանը, որը հայտարարվել է համաճարակի հիմքով։ Բոլոր տվյալները՝ անձնավորված թե ապաանձնավորված, ենթակա են ոչնչացման արտակարգ դրության ավարտից անմիջապես հետո»,- նշեց արդարադատության նախարարը։
Բադասյանը նշեց նաև, որ ներդրվող համակարգը համադրում է վարակակրի տեղակայման վայրը և զանգերը, և եթե զանգի հասցեատիրոջ հետ մեկ վայրում հաճախ է հայտնվել որևէ մեկը, նշանակում է, որ ռիսկի գործոնը մեծ է։
«Եթե հիմա վարակակիրը շփվել է 10 անձի հետ և նոր է թեստավորվում, բայց վարակել է ավելի վաղ, վարակվածների պոտենցիալ քանակն էլ 5 է, այդ վարակված անձինք կիմանան, որ իրենք պոտենցիալ վարակված են։ Նախագծով նրանք ավելի վաղ կտեղեկացվեն, և կկիրառվեն մեկուսացման և ինքնամեկուսացման սահմանափակումները»,- նշեց Բադասյանը։