«Լուսավոր Հայաստան» կուսակցության պատգամավոր Անի Սամսոնյանը, որը նույնպես Արցախում համապետական ընտրություններին ներկա է եղել որպես դիտորդ, շնորհավորեց բոլոր արցախցիներին կայացած ընտրությունների առիթով և նշեց, որ համաճարակային այս բարդ ժամանակաշրջանում ընտրությունները տեղի ունեցան մարտահրավերների ներքո, սակայն մասնակցության շատ բարձր ցուցանիշով։
«Սա խոսում է այն մասին, որ արցախցին իսկապես կարևորում է իր քաղաքական իրավունքն ու ազատությունները։ Կարևորում են և զգում են պատասխանատվությունը սեփական իշխանությունը ձևավորելու, ինչն էլ, իմ կարծիքով, ինքնորոշման և ինքնիշխանության համար շատ բարձր ցուցանիշ է և շատ կարևոր է։ Այս առումով ես հպարտ եմ արցախցիների համար»,- նշեց Սամսոնյանը։
Ընտրական տեղամասերում կատարած դիտորդական առաքելությունների մասին խոսելիս ԱԺ պատգամավորը նշեց, որ լինելով տարբեր շրջանների մի քանի ընտրատեղամասերում՝ հիմնականում հայտնաբերել են ընթացակարգային խախտումներ, որոնք ունեցել են մի քանի պատճառ։
«Առաջին պատճառներից մեկն այն էր, որ ընտրական ԿԸՀ-ն պետք է շարունակի ավելի ակտիվ աշխատել ընտրական հանձնաժողովների անդամների հետ։ Կա վերապատրաստման լուրջ կարիք։ Եվ երկրորդ՝ կային իրավական բացեր, որը, բնականաբար, պետք է շտկել»,- նշեց Անի Սամսոնյանը՝ հավելելով, որ ընդհանուր առմամբ ընտրություններն անցել են խաղաղ։