Հաշվի առնելով ՀՀ-ում և ամբողջ աշխարհում ստեղծված իրավիճակը՝ կապված նոր կորոնավիրուսի վարակի տարածման հետ, ս. թ. փետրվարի 18-ին Արցախի Հանրապետությունում ձևավորվել է նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողով՝ Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանի նախագահությամբ:
➡️ Հանձնաժողովի ձևավորման առաջին իսկ պահից նախանշվել են հիմնական միջոցառումներն ու գործողությունները` ըստ հետևյալ նպատակային ուղղությունների:
Առաջնահերթորեն դիտարկվել են առողջապահական համակարգի հնարավորությունների ընդլայնման, պատրաստվածության աստիճանի բարձրացման խնդիրները և նախանշվել դրանց լուծմանն ուղղված գործողությունների ու միջոցառումների համալիրը, որի շրջանակում`
✅Արցախի և Հայաստանի Հանրապետությունների առողջապահության նախարարությունների միջև ստեղծվել է օպերատիվ հաղորդակցություն: Ձեռք է բերվել պայմանավորվածություն, որի համաձայն Արցախից ուղարկված փորձանմուշների պատասխանները ստացվում են օպերատիվ:
✅ Արցախի առողջապահության նախարարությունից բուժաշխատողների խումբ է գործուղվել Հայաստանի գործընկեր կառույց՝ ախտորոշման և համապատասխան միջոցառումների կազմակերպման վերջին նորություններին ծանոթանալու, կանխարգելիչ նոր միջոցառումների մասին տեղեկություններ և անհրաժեշտ նյութեր ստանալու նպատակով:
✅ Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից ձեռք են բերվել անհրաժեշտ դեղամիջոցներ և բժշկական պարագաներ, ինչը շարունակական է:
✅Գործողությունների հաջորդ համալիրը նպատակ ունի նվազագույնի հասցնել կորոնովիրուսի ներթափանցումը` հնարավորինս սահմանափակելով շփումներն արտաքին աշխարհի հետ:
➡️ Այդ նպատակով`
✅չեղարկվել են Արցախի Հանրապետության պետական կառավարման, հանրապետական և տարածքային կառավարման մարմինների աշխատակիցների բոլոր արտասահմանյան գործուղումները, և հորդորել ենք բնակչությանը հրաժարվել անձնական արտասահմանյան այցելություններից` հնարավորինս ձեռնպահ մնալ այլ երկրներ այցելելուց՝ բացառությամբ անհետաձգելի և բացառիկ դեպքերի.
✅Արցախի Հանրապետության նախագահի մոտ մարտի 13-ին հրավիրված՝ հանրապետությունում նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելմանն ուղղված աշխատանքների վերաբերյալ խորհրդակցության ժամանակ տրված հանձնարարականների համաձայն` Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցիչների միջոցով սահմանափակվել են նստավայր երկրներից պատվիրակությունների, առանձին անձանց Արցախի Հանրապետություն նախատեսված այցերը, ինչպես նաև օտարերկրյա քաղաքացիներին Արցախի Հանրապետություն մուտքի արտոնագրերի տրամադրումը, բացառությամբ Արցախի Հանրապետությունում կայանալիք նախագահական և խորհրդարանական ընտրություններին որպես միջազգային դիտորդներ կամ լրագրողներ գրանցված անձանց: