«Թեժ գիծը գործելու է ներդրումների աջակցման կենտրոնի ներքո, որի վեբ կայքի հասցեն է http://isc.am/: Թեժ գծի հեռախոսահամարները գործում են աշխատանքային օրերին՝ 9:00-18:00-ն»,- արտոնյալ պայմաններով վարկեր ստանալու համար դիմում ներկայացնելու կարգը ներկայացրեց Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նաիրա Մարգարյանը:
Ասուլիսի ընթացքում նախարարի տեղակալը տեղեկացրեց, որ յուրաքանչյուր հայտատու, որը 3-րդ միջոցառման պահանջներին բավարարում է ներկայացված կայքով կարող է մտնել և լրացնել իր առցանց դիմումը: Դիմումներն ընդունվում են միայն առցանց: Վարկային պատմությունը, որպեսզի կարողանան ճշտել, պետք է դիմեն ԱՔՌԱ համակարգ՝ տվյալները ստանալու համար:
«Որպեսզի ավելի արագ կարողանանք հայտադիմումը մշակել, մենք առաջարկում ենք տրամադրել Ներդրումների աջակցման կենտրոնին լիազորագիր: Ներդրումների աջակցման կենտրոնն ինքը կդիմի ԱՔՌԱ-ին և կստանա շահառուի փոխարեն այդ տվյալը: Լիազորագիրը կցված է նույն հայտադիմումի մեջ: Պետք է ստորագրված լինի էլեկտրոնային ստորագրությամբ: Շահառուները պետք է ներբեռնեն նաև իրենց հարկային հաշվետվությունները»,- ասաց Մարգարյանը: