Էկոնոմիկայի փոխնախարար Նաիրա Մարգարյանն այսօր ասուլիսի ընթացքում ներկայացրեց, թե փոքր ու միջին ձեռնարկությունների աջակցությանը միտված ծրագրում ո՞ր ոլորտներն են ներգրավված: Ծրագրին կարող են մասնակցել այն կազմակերպությունները, որոնք գործում են զբոսաշրջության, առողջապահության, հանրային սննդի, մշակող արդյունաբերության ոլորտներում և 2019 թվականին ունեցել են 24 միլիոնից 500 միլիոն դրամ շրջանառություն, և 2019 թվականի ամեն եռամսյակի շրջանառությունը ամբողջ տարվա շրջանառության 10 տոկոսից ավելի է: Կարևոր է նաև, որ այդ ընկերություններն ունենան բարվոք վարկային պատմություն: Այդ դեպքում կարող են դիմել անտոկոս վարկեր ստանալու համար:
«Արտոնյալ վարկերը 36 ամսով տրամադրվող վարկեր են, որոնց առաջին երկու տարվա ամիսների համար վարկը գործում է անտոկոս պայմանով: Վերջին՝ երրորդ տարվա համար վարկը գործում է 12 տոկոս պայմանով: Վարկը տրամադրվում է միայն անկանխիկ միջոցով և կարող է ծախսվել աշխատավարձի, հարկերի, վարձակալության, հումքի, կոմունալ վճարների ուղղությամբ: Վարկերը սահմանվում են 6 ամիս արտոնյալ ժամկետով: Այդ 6 ամիսների ընթացքում շահառուն որևէ մարում չի անում: Վեց ամիսներից հետո, սահմանված մարման գրաֆիկով, գործում են հետևյալ պայմանները բոլորի թվարկված ոլորտների համար. 7-րդ ամսից սկսած՝ հավասարաչափ մարումներ են նախատեսված մինչև վարկի պայմանագրի ավարտը: Զբոսաշրջային ծառայությունների և կացության ոլորտների համար կա լրացուցիչ պայման: Եթե շահառուն այդ երկու ոլորտից է և իր վերցրած վարկը չի գերազանցում 10 միլիոնը, ապա 7-12-րդ ամիսներին մարման կարգը սահմանվում է հավասարաչափ, բայց ոչ ավել, քան ամսական 70.000 դրամը: Դրանից հետո մինչև պայմանագրի ավարտը հավասարաչափ մարումներ են արվում»,- ասաց Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նաիրա Մարգարյանը: