Հայ բեմի ու էկրանի վարպետներից մեկը՝ Խորեն Աբրահամյանը, այսօր կդառնար 90 տարեկան։
Շեքսպիրյան հայտնի ողբերգության հերոսի՝ Կորիոլանի, Խորեն Աբրահամյանի կերպավորումը մեծ արտիստի ստեղծագործության բարձրակետերից մեկն էր: Աբրահամյանի ազնվազարմ պատրիկն ամբոխի հետ իր անհաղթահարելի հակասությամբ ավելի քան խորհրդանշական էր թե՛ նրա ժամանակի, թե՛ մարդկային ճակատագրի իմաստով: Թերևս, հենց այդ պատճառով «Կորիոլանը» միակ ներկայացումն էր, որ կոտրեց խորհրդային այն կարծատիպը, ըստ որի՝ միութենական հանրապետություններում շեքսպիրյան գլուխգործոցներ կարող էին ստեղծել միայն մոսկովյան թատրոնները: Հայկական «Կորիոլանը» խախտեց այդ մենաշնորհը և արժանացավ պետական մրցանակի:
Բեմական առաջին իսկ քայլերից Խորեն Աբրահամյանի ստեղծագործական ճակատագիրն անխզելիորեն կապվեց Մայր թատրոնի հետ, որի բեմում նա շարունակեց մեծ վարպետների արտիստական ավանդույթը: Այստեղ «Ռոմեո և Ջուլիետ»,«Օթելլո», «Լիր արքա» ներկայացումներում դերասանը ստեղծեց շեքսպիրյան ամենաբարդ հերոսների մի ամբողջ պատկերասրահ, ապա նաև՝ «Ավերված քաղաքի առասպելը», «Հյուսիսային ռապսոդիան» «Արա Գեղեցիկը»:
Բեմ-էկրան համադրության մեջ հավասարապես սիրված էին նրա և՛ թատերական, և՛ կինոհերոսները, ինչպես՝ Գևորգ Սարոյանը, Արսեն Վարունցը, Ալեքսանդր Մյասնիկյանը: Բայց Մայր թատրոնի հետ փոխհարաբերությունները բարդ ընթացք ունեցան: Հենց այստեղ դերասանն ապրել է իր ամենաերջանիկ պահերը, մեծ վերելքն ու ցավագին խզումը հարազատ թատրոնի հետ, որից ծնված հուսախաբությունը, մեկուսացումը խնամքով փորձում էր թաքցնել ոչ միայն գործընկերներից, այլև ամենամտերիմ մարդկանցից:
Խորեն Աբրահամյանի 90-ամյակին է նվիրված Հանրային հեռուստաընկերության նոր ֆիլմաշարի առաջին մասը: Ֆիլմաշարը կներկայացնի ազգային մշակույթի մեծերին՝ Ֆրունզիկ Մկրտչյանին, Սվետլանա Գրիգորյանին, Կալենցներին, նաև՝ Ազգային հերոս Թաթուլ Կրպեյանին: Ֆիլմաշարի ռեժիսոր Հայկ Օրդյանն ընդգծում է՝ փորձելու են նորովի բացահայտել մեծ արտիստի բարդ ու հակասական կերպարը:
Գրեթե կես դար Խորեն Աբրահամյանն ապրել է բեմում ու մեծ էկրանին: Եվ այսօր սերունդների չխամրող հիշողությունն ու համազգային սերը նրա արտիստական կերպարի մշտական ուղեկիցն են: