Այս երկու օրերին քննադատությունները, որ հնչում են, տվյալ դեպքում՝ ոչ թե ընդդիմադիր քաղաքական ուժերի, այլ հանրային մեծ լսարան ունեցող քաղաքացիների կողմից, բոլորում մի թյուրըմբռնում կա՝ այս մասին ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյան՝ ընդգծելով, որ թյուրըմբռնումը շարունակվում է, թեև խորհրդարանում այն քննարկվում է:
Հիշեցնենք, որ Ազգային ժողովում քննարկվում է կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով արտակարգ դրության ընթացքում քաղաքացիների անձնական տվյալները՝ տեղաշարժը, հեռախոսազանգերի, հաղորդագրությունների շրջանակը հասանելի դարձնելու նախագիծը:
Հովակիմյանն ընդգծեց, որ այն տվյալները, որոնք օպերատորների կողմից հավաքագրվում են՝ հաճախորդի տեղաբաշխումը և զանգերի փաստը, միևնույն է՝ կա: Շեշտեց, թե ինչո՛ւ է քաղաքացիներին թվում, որ մասնավոր հատվածը անձնական կամ այլ նպատակներով այդ տվյալները չի օգտագործում, իսկ կառավարության տիրույթում դրանք կօգտագործվեն: Ասաց, որ ընդամենը օրենքը հնարավորություն է տալու պարետատանն օգտվել այդ տվյալներից: