2020 թ. մարտի 30-ին՝ ժամը 18:40-ի սահմաններում, հակառակորդի մի խումբ զինծառայողներ ազգային և կրոնական ատելության շարժառիթով, երկու և ավելի անձանց ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, դիվերսիոն ներթափանցման փորձ են կատարել ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության շրջանում տեղակայված մարտական դիրքերի ուղղությամբ և հրաձգային զինատեսակներից կրակահերթեր արձակել:
Միաժամանակ, հակառակորդի մարտական դիրքերից հրաձգային զինատեսակներից կրակահերթեր են արձակել զորամասի նշված և այլ մարտական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով ավագ լեյտենանտ Դ.Միրզոյանը, պայմանագրային զինծառայող Ա.Կյուրեղյանը և ենթասպա Ս.Գալստյանը ստացել են մարմնական վնասվածքներ:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության վեցերորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 7-րդ և 13-րդ կետերով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ և կատարվում է նախաքննություն: