«Մեր նպատակն է կանխարգելման ու մեկուսացման սահմանափակումներն այնքան էֆեկտիվ դարձնել, որ սահմանափակումներից քիչ-քիչ սկսենք հրաժարվել: Եվս 10 օրով երկարաձգելը մեզ թույլ է տալու ամբողջապես ծավալել կանխարգելման և մեկուսացման աշխատանքները: Այսպես կօգնեն Համաճարակների վերահսկման ազգային կենտրոնին էֆեկտիվորեն հայտնաբերել այն անձանց, որոնք վարակակրի հետ ունեցել են շփումներ»,- ասաց փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:
Պարետը տեղեկացրեց, որ նպատակ ունեն տեխնոլոգիաները զարգացնելուն համընթաց ավելացնել նաև թեստավորման քանակները՝ գործընթացին համընթաց նաև նվազեցնելով սահմանափակումները: Տիգրան Ավինյանն ընդգծեց, որ այս շաբաթվա տեղաշարժի և գործունեության տեսակների ամենացայտուն սահմանափակումները տեսանելի են եղել կիրակի օրը:
«Տարբեր ցուցանիշներով համոզվել ենք, որ մարդկանց տեղաշարժն էականորեն նվազել է: Կիրակի օրն ունեցել ենք մարդկանց տեղաշարժի բացառիկ ցուցանիշ, որը վարակի կանխարգելման տարածման առումով շատ դրական դեր ունի»,- ասաց փոխվարչապետը:
Նա նշեց, որ սահմանափակումներն անվերջ չեն կարող տևել և գնում են այն երկրների օրինակով, որոնք կարողացել են էֆեկտիվ և տեխնոլոգիապես հագեցված կանխարգելել, մեկուսացնել: Ընդգծեց՝ հետագա 10 օրերի ընթացքում կրկին կարող է մարտավարություն փոխվել: Սահմանափակումներն ավելի են խստացվելու և վերահսկողությունն ավելի էֆեկտիվ դարձնելու համար հավելյալ ուժեր են ներգրավվելու: