Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի ուղիղ եթերում հայտնել է, որ առնվազն 10 օրով կերկարացվեն խստացված սահմանափակումները։
«Վիճակագրությունը մեզ անհանգստացնում է: Կա երկու նեգատիվ սահման: Դրանցից մեկը խուճապահար լինելն է, մյուսը՝ շատ հանգիստ վերաբերվելն է դրան: Սկզբնական շրջանում մենք խուճապի մատնվելու ռիսկը ունեինք, որը ոնց որ թե մեզ հաջողվեց ինչ-որ կերպ կառավարել, հիմա մենք ընկնում ենք ուրիշ ծայրահեղության մեջ՝ շատ հանդարտ ենք վերաբերվում»,- ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ մի քանի ռեպորտաժներ է դիտել, որոնցում բակերում շրջող մարդիկ ասել են, որ հանգիստ են, ու կորոնավիրուսն իրենց չի հասնի:
Վարչապետը նաև խոսեց շրջանառվող վարկածի մասին, որ կորոնավիրուսով հնարավոր է՝ վարակվեն բոլորը, բայց նշեց, որ առնվազն երկու խնդիր կա դրա հետ կապված: Նախ՝ այն պետք է լինի մաքսիմալ կառավարելի, և հիվանդների թիվը այնքան չշատանա, որ առողջապահության համակարգը կաթվածահար լինի:
«Ես խնդրում եմ բոլորին, որ իսկապես շատ լուրջ վերաբերվեք: Դրական ախտորոշված քաղաքացիների մեծ մասը՝ 424 անձ, նույնիսկ ջերմություն չունի, բայց մյուս կողմից՝ շուրջ 90 անձ թոքաբորբ ունի, և նրանցից 30-ը գտնվում են ծանր վիճակում: Իրականում իրավիճակը շատ ռիսկային է, ուզում եմ կոչ անել, որ շատ լուրջ վերաբերվենք այս խնդրին: Մանավանդ որ, աշխարհի վիճակագրությունը շատ ավելի վատն է, քան մերը: Այս պահին աշխարհում վարակվածների թիվը հասնում է 801 հազարի, կանխատեսելի է, որ անխուսափելիորեն 1 միլիոնը հատելու է: Մահերի թիվը հասնում է 38 հազարի, բուժվածներինը՝ 172 հազար»,- նշեց վարչապետը:
Վարչապետը նշեց, որ այս սահմանափակումներն արվում են իրավիճակը կառավարելի պահելու և կորոնավիրուսը, վերջապես, հաղթահարելու համար: Եվ սրա հետ էր կապված օրենսդրական փոփոխությունը, որը Կառավարությունն առաջարկել էր, բայց ԱԺ-ն այսօր չընդունեց: «Երբ որ արձանագրվում է դրական դեպք, և մենք փորձում ենք հասկանալ, թե որտեղից է վարակվել և կամ վարակված անձը ում հետ է շփվել: Եվ այս երկու կատեգորիայի մարդկանց մեկուսացնում ենք հիվանդության հետագա տարածումը կանխելու համար: Բայց հիմա մենք ունենք իրավիճակներ, երբ այդքան էլ վստահ չենք, թե քաղաքացին ումից է վարակվել և ում հետ է շփվել»,- նշեց վարչապետը: