Կանխարգելման աշխատանքների և սահմանափակումների նպատակն է վարակի տարածման ինտենսիվությունն այնքան նվազեցնել, որ լինի մեկից էլ քիչ: Լրագրողների հետ հանդիպմանն ասաց արտակարգ դրության պարետ Տիգրան Ավինյանը:
Փոխվարչապետը կանխարգելիչ աշխատանքները բաժանեց երկու փուլի: Համաճարակների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գործառույթը առաջին օրվանից եղել է վարակի շղթաների հայտնաբերումը՝ անձանց շրջանակը, որոնք ունեցել են կոնտակտ վարակակրի հետ, այդ անձանց մեկուսացրել են: Երկրորդ փուլն արդեն կիրառվող սահմանափակումներն են:
Գազի գնի վերաբերյալ ռուս գործընկերների հետ բանակցությունների առնչությամբ Ավինյանն ասաց, որ դեռ վաղ է խոսել՝ ինչ փուլով կընթանան բանակցությունները: Բայց կարծում է, որ շուկայում նավթի և գազի գնի տատանումներն այս փուլում տալիս են վերանայման բոլոր հիմքերը:
Ավինյանը նաև անդրադարձավ քաղաքացիների աջակցության ծրագրերին. «Տնտեսական այն ծրագրերը, որոնք արդեն ներկայացվել են, դեռևս իրականացման ամբողջական փուլ չեն մտել, և հընթացս շարունակվելու են ինչպես սոցիալական, այնպես էլ տնտեսական ծրագրերը։ Սա միգուցե դեռևս ամբողջական փաթեթը չէ, և կարծում եմ՝ Կառավարության կողմից հստակ կարձանագրվեն մեխանիզմներ, թե որ ծրագրով, ինչ ընթացակարգով կարելի է դիմել»։
Հիշեցնենք, որ այս պահին կա կորոնավիրուսով վարակված 532 հաստատված դեպք, 31 առողջացած, 3 մահ: Փետրվարի 3-ից մինչ օրս իրականացված թեստերից 2533-ը բացասական արդյունքով են եղել: Մարտի կեսերից եղել է լոկալ տարածում՝ Երևանում և 8 մարզերում: