Խորհրդարանում ճեպազրույցների ժամանակ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը նշեց, որ իրենք էլ նախագծի վերաբերյալ ունեին հարցեր, որոնք առնչվում էին մարդու ազատություններին, սակայն առաջինից երկրորդ ընթերցում «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին և «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթում փոփոխություններ են կատարվել, և այժմ նախագիծը կարելի է ընդունել:
«Այստեղ գլխավորը հավասարակշռված կետը գտնելն էր մարդու իրավունքների, ազատությունների և առողջապահական նպատակների միջև: Հասկանալի է, որ առողջապահական նպատակներին հասնելը մարդու որոշակի իրավունքների սահմանափակում է: Նույն արտակարգ դրությունը մարդու իրավունքների սահմանափակում է: Ուղղակի պետք էր դա անել այնպես, որ մաքսիմալ հավասարակշռված լինի, և համոզվենք, որ դա իսկապես օգտակար է լինելու: Այդ բոլոր հարցերի պատասխանները մենք ինքներս ստացել ենք: Այն տեսքով, որով երկրորդ ընթերցման ժամանակ նախագիծը ներկայացվելու է, մեզ բավարարում է»,- նշեց Բաբկեն Թունյանը:
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սուրեն Գրիգորյանն էլ նշեց, որ ինքն անձամբ նախագծի վերաբերյալ որևէ մտահոգություն չի ունեցել, բայց իր գործընկերներն ունեցել են, պետաիրավական հարցերի հանձնաժողովում քննարկելով վերջնական տարբերակի են հանգել:
«Ոչ մեկի չի հետաքրքրում և գործնականում անհրաժեշտ էլ չի լսել խոսակցության կամ հաղորդակցությունների բովանդակությունը: Մենք ի սկզբանե գեոլոկացիայով ֆիքսում ենք, որ, օրինակ՝ ես և դուք գտնվել ենք նույն վայրում: Հետո ստուգում են զանգերը, եթե տեսնում են, որ վերջին 14 օրում կա զանգ ձեզ, ուրեմն հնարավոր է, որ մենք շփվել ենք: Զանգում են ձեզ տեղեկացնելու, որ ես վարակված եմ, տեղյա՞կ եք, թե՞ ոչ, և ըստ ձեր պատասխանի՝ համապատասխան միջոցառումներ կազմակերպվում են կամ ոչ: Սա լրացուցիչ աղբյուր է, որ ճշգրիտ պարզվի շփում ունեցածների շրջանակը»,- նշեց Սուրեն Գրիգորյանը: