Եթե իշխանությունները գնում են այսպիսի սահմանափակումների, ապա պետք է հստակորեն բացատրեն, թե ինչի համար՝ ի պատասխան խորհրդարանում Կառավարության ներկայացրած նախագծի մասին հարցին, որով նախատեսվում է հեռախոսազրույցներին և հաղորդագագրություններին հետևելով պարզել մարդկանց շփման շրջանակը, նշեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանը:
«Երկրորդ ընթերցման ժամանակ պարոն Բադասյանը ներկայացրեց փոփոխությունները, որոնք փոփոխություն չեն, կոսմետիկ, թեթև շտկումներ են: Նա ասաց, որ միջազգային պրակտիկայում սա վերջին քայլն է, երբ վիճակը այնքան է սրվում, որ պետք է վերջին քայլը կատարել: Եթե վիճակը այդքան սրվել է, թող ասեն: Եվ հետո՝ որքանով է սա էֆեկտիվ»,- նշեց Արման Աբովյանը:
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանն էլ նշեց, որ խմբակցությունն իր ողջ ներուժն օգտագործել է 24 ժամվա ընթացքում, իր խոսքով՝ այս կարևորագույն նախագիծն ուսումնասիրելու համար, և եկել է այն եզրակացության, որ նախագիծը բացարձակապես անընդունելի է:
«Սա կոնկրետ մարդու իրավունքների, անձնական կյանքի տիրույթ ներխուժելու շատ ցցուն օրենսդրական նախաձեռնություն է: Երբ Կորեայում նմանօրինակ նախագիծ էր ընդունվում, այնտեղ այդ ժամանակ կար ընդամենը 30 վարակված»,- նշեց Իվետա Տոնոյանը: