Ազգային ժողովում քննարկվում է «Արտակարգ դրության իրավական ռեժիմի» և «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքում լրացումների նախագծերի փաթեթը երկրորդ ընթերցմամբ ընդունելու հարցը:
«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը նշեց, որ վիրուսի տարածումն աննխադեպ արագ է տեղի ունենում, հետևաբար դրա կանխարգելումը պահանջում է նույնկերպ համաչափ արագ գործողություններ:
«Նախագիծը միտված է արագ գործողություններ ձեռնարկելուն, րոպեների ընթացքում տեղեկատվություն ստանալուն, որը հնարավորություն կտա կանխարգելել ու կյանքեր փրկել: Նախագիծը գաղտալսում չի ենթադրում, պարզապես արձանագրում է փաստ՝ կապված հեռախոսազանգի ու կոնտակտի հետ: Տվյալները մեր առաջարկով ամբողջությամբ վերացվելու են և այդ վերացնելու գործընթացին հետևելու է վերահսկողություն իրականացնող մարմինը՝ Ազգային ժողովը՝ բոլոր խմբացություններով միաժամանակ: Ներգրավվելուէ նաև փորձագետ: Նախագծի գործողությունները ձեռնարկվելու են արտակարգ դրության այս պայմաններում և չեն ենթադրելու որևէ այլ միջամտություն»,- ասաց Մակունցը:
Հիշեցնենք, որ նախագծով նախատեսվում է օպերատիվ կերպով ներդնել ժամանակակից էլեկտրոնային միջոցների և թվային տեխնոլոգիաների կիրառման միջոցով համաճարակի կանխարգելման նոր մեխանիզմ: