Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփի նախաձեռնությամբ կազմակերպվել է ՀՀ պարետատան, առողջապահության և արտաքին գործերի նախարարությունների, Հայաստանի զարգացման գործընկերներ՝ միջազգային ֆինանսական կազմակերպությունների, զարգացման գործակալությունների և դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների մասնակցությամբ տեսակոնֆերանս:
Տեսակապի միջոցով կազմակերպված քննարկման ժամանակ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը միջազգային գործընկերներին ներկայացրել է Կառավարության նախաձեռնած կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման միջոցառումները և առաջարկել միավորել ջանքերը դրանք ավելի արդյունավետ և թիրախային դարձնելու համար:
Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփը ներկայացրել է միջազգային գործընկերների աշխատանքների համակարգման գործընթացը և ընդգծել իրենց պատրաստակամությունը շարունակելու աջակցել ՀՀ Կառավարության ջանքերին՝ ուղղված կորոնավիրուսային հիվանդության տարածման կանխարգելմանը:
Քննարկման ժամանակ առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը գործընկերներին ներկայացրել է Կառավարության կողմից իրականացվող հակահամաճարակային միջոցառումները:
Միջազգային մի շարք գործընկերներ ներկայացրել են առկա իրավիճակում իրենց կազմակերպությունների արագ արձագանքման աջակցության գործիքակազմն ու հնարավորությունները:
Ամփոփելով հանդիպումը՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն անձամբ իր և Կառավարության անունից շնորհակալություն է հայտնել միջազգային գործընկերներին այս կարևոր փուլում Հայաստանի կողքին լինելու համար: