ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը սկսում է առցանց #HighTech Talks շարքը՝ ոլորտին ծանոթացնելու, ՏՏ աշխարհը բացահայտելու, արդիական հարցեր բարձրաձայնելու և հանրությանը իրազեկելու նպատակով:
Նախագիծը հյուրընկալելու է հաջողված գործարարների և ՏՏ հեղինակավոր ներկայացուցիչների, որոնք կվարեն զրույցներ՝ ներկայացնելով բարձր տեխնոլոգիաների ոլորտն իր ողջ հմայքով և կարծրատիպերով:
Ինչպես ողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում նոր կորոնավիրուսի (#COVID19) տարածման հետևանքով հազարավոր մարդիկ նոր մասնագիտացում ստանալու կարիք ունեն և հնարավորություն ունեն մուտք գործելու ՏՏ ոլորտ, ձեռք բերելու նոր հմտություններ ու գիտելիքներ և ամենակարևորը՝ մասնագիտություն: #HighTechTalks-ը նպաստելու է տեխնոլոգիաների մասին առավել խոր պատկերացումների ձևավորմանը հանրության առավել լայն շրջանակների համար:
#HighTechTalks շարքի մեկնարկը կտրվի մարտի 31-ին՝ ժամը 21:00-ին: Նախագծի առաջին հյուրն է լինելու PicsArt ընկերության հիմնադիր և գլխավոր գործադիր տնօրեն Հովհաննես Ավոյանը, որը կմիանա ԱՄՆ-ից և կվարի «ՏՏ աշխարհը» թեմայով զրույցը:
Հաղորդմանը հնարավոր կլինի ուղիղ եթերում հետևել ՀՀ ԲՏԱ նախարար Հակոբ Արշակյանի/ Hakob Arshakyan ֆեյսբուքյան էջից, իսկ ավարտից հետո այն կտեղադրվի նաև նախարարության յութուբյան ալիքում՝ https://www.youtube.com/channel/UC8cP-gVqC9z4rjJeAqyBjrQ:
#HighTech Talks-ի (#Հայթեք զրույցներ) հետագա առցանց հաղորդումների շրջանակներում թեմատիկ ելույթներով հանդես կգան ոլորտի՝ հաջողություններ գրանցած մի շարք փորձառու ներկայացուցիչներ: Նրանք կխոսեն տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների դրական ու բացասական կողմերից, տեխնոլոգիաների դերից և թե ինչպես են դրանք վերափոխում մեր կյանքը, թե ինչ ազդեցություն են ունենում մարդկանց բարեկեցության և անվտանգության վրա, կվերլուծեն բարձր տեխնոլոգիական նորարարությունները, էկոհամակարգի զարգացման ու ստարտափների խնդիրներն ու հնարավորությունները:
Բանախոսները կխոսեն աշխարհում ստեղծված իրավիճակի մասին և կտան իրենց գնահատականը, կբարձրաձայնեն ոլորտի գլոբալ բարեփոխումների և տրանսֆորմացիոն միտումների, հեռավար աշխատանքի հնարավորությունների մասին։
Հաղորդաշարի յուրաքանչյուր բանախոսի վերաբերյալ նախապես անոնս կտեղադրվի նախարարության ֆեյսբուքյան էջում: