«Հարավային Կորեան ամենահաջողն է պայքարում կորոնավիրուսի դեմ: Առաջարկվում է Հարավային Կորեայի փորձը տեղայնացնել Հայաստանում՝ շատ ավելի թեթև մակարդակով, այդպիսով փրկելով կյանքեր: Ընդդիմությունը մանիպուլյացիա է անում»,- ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը՝ անդրադառնալով նախագծին, որով նախատեսվում է օպերատիվ կերպով ներդնել ժամանակակից էլեկտրոնային միջոցների և թվային տեխնոլոգիաների կիրառման միջոցով համաճարակի կանխարգելման նոր մեխանիզմ:
Ռուբինյանը տեղեկացրեց, որ մեկ ամիս առաջ Հարավային Կորեան աշխարհում երկրորդ տեղում էր կորոնավիրուսի վարակակիրների թվով: Ուներ աճի շատ մեծ տեմպ, իսկ այժմ նրանց հաջողվել է դանդաղեցնել համաճարակի տարածումը: Առողջապահության համաշխարհային կազմակերպության պաշտոնյաներ մի շարք ելույթներում գովել են հարավկորեական փորձը և խորհուրդ են տվել մյուս երկրներին ևս ներդնել այն:
«Հարավային Կորեայում ներկայացվում են ավելի խիստ միջոցառումներ, քան Հայաստանում առաջարկվող նախագծով: Հարավային Կորեայում վարակակիրների շարժը ֆիքսում են VPS-ի օգնությամբ, կրեդիտ քարտերի: Նրանք ոչ միայն ֆիքսում են այդ շարժը, այլ նաև քաղաքացիներին sms-ներով տեղեկացնում են այլ քաղաքացիների շարժի մասին: Մեզ մոտ առաջարկվում է սրանից շատ ավելի թեթև կարգավորում, որն ուղղված է համաճարակը դադարեցնելուն»,- ասաց պատգամավորը: