Թբիլիսիի հանրային տրանսպորտը՝ ներառյալ մետրոն, երկրում հայտարարված համընդհանուր կարանտինի պայմաններում ժամանակավորապես դադարեցնում է աշխատանքը: Այս մասին, 1tv.ge-ի փոխանցմամբ, հայտարարել է վարչապետ Գիորգի Գախարիան՝ համակարգող խորհրդի նիստի ավարտից հետո:
«Արգելվում է ցանկացած տիպի հասարակական տրանսպորտով՝ ներառյալ Թբիլիսիի «Մետրոպոլիտենով» տեղաշարժը: Արգելքը կգործի ինչպես Թբիլիսիի մունիցիպալիտետում, այնպես էլ՝ երկրի մնացած տարածքում: Թույլատրելի է երթևեկել միայն թեթև մարդատար ավտոմեքենայով, այդ թվում՝ տաքսիով, այն դեպքում, եթե լիովին հաշվի առնված լինեն առողջապահության նախարարության հանձնարարականները: Ավտոմեքենայում՝ ներառյալ վարորդը, պետք է լինի ընդամենը երեք մարդ, նրանցից երկուսը պետք է նստած լինեն հետևի նստատեղին, որոշակի հեռավորություն պահպանելով:
70-ից բարձր տարիքի անձանց ընդհանրապես արգելվում է տնից դուրս գալ, արգելվում է 3-ից ավելի մարդկանց նույն տարածքում հավաքվել՝ ցանկացած հանրային վայրում, բացի դեղատներից և մթերային խանութներից»,- նշել է Գախարիան:
Բացի այդ, այսօրվանից Վրաստանում գործում է պարետային ժամ: Երեկոյան 21:00-ից մինչև առավոտյան 06:00-ն տեղաշարժի լիովին սահմանափակում կգործի:
Հիշեցնենք, որ Վրաստանում արտակարգ դրություն էր հայտարարվել մարտի 21-ից: