ԱԺ արտահերթ նիստում իշխող խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը դարձյալ քննադատեց բացակա ընդդիմությանը՝ նկատելով, որ այս անգամ գոնե ԱԺ նախագահը 3 ժամ առաջ էր նիստի մասին տեղեկացրել:
«ԱԺ նախագահն ավելի քան 3 ժամ առաջ հայտարարեց, որ սկսվելու է արտահերթ նիստը, և ընդդիմությունը նորից չկա...ուրեմն, այն արդարացումը, որ իրենց ուշ են զգուշացրել, ընդամենը շոու էր: Ընդ որում, ոչ թե անմեղ շոու էր, այլ շատ ծանր վիճակում, դժվարին վիճակում, արտակարգ դրության պայմաններում մանիպուլյացիա էր...Ուզում եմ ևս մի անգամ կրկնել, սիրելի՛ ժողովուրդ, նախագիծը գաղտնալսում չի ենթադրում...բացի այդ՝ եթե 10 օրից արտակարգ դրությունը վերածվի, նախագծով նախատեսված որևէ միջոցառում չի իրականացվի»,- հայտարարեց Ռուբինյանը:
Հիշեցնենք, որ Ազգային ժողովն այսօր առաջին ընթերցմամբ ընդունել է կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով միայն արտակարգ դրության ընթացքում քաղաքացիների անձնական տվյալները՝ տեղաշարժը, հեռախոսազանգերի, հաղորդագրությունների շրջանակը հասանելի դարձնելու՝ Կառավարության նախագիծը: Այժմ ԱԺ-ում արտահերթ նիստ է հրավիրվել՝ երկրորդ ընթերցմամբ ընդունելու նախագիծը: