Մարտի 31-ին ամերիկյան կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հեռախոսազրույցը ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալ Ֆիլիպ Ռիքերի հետ։
Զրուցակիցները հանգամանալից մտքեր են փոխանակել նոր տիպի կորոնավիրուսի տարածման հետևանքով առաջացած մարտահրավերների և դրանց հաղթահարման ուղղությամբ գործադրվող ջանքերի շուրջ՝ միաժամանակ ընդգծելով համավարակի դեմ պայքարում միջազգային համագործակցության և գործողությունների համակարգման կարևորությունը: Այդ համատեքստում ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն իր երախտագիտությունն է հայտնել ԱՄՆ կառավարությանը՝ նոր տիպի կորոնավիրուսի դեմ պայքարելու նպատակով Հայաստանին ֆինանսական աջակցություն տրամադրելու համար:
ԱԳ նախարար Մնացականյանն իր համերաշխությունն ու զորակցությունն է հայտնել իր գործընկերոջը՝ ԱՄՆ կառավարության՝ նոր տիպի կորոնավիրուսի դեմ մղվող պայքարում:
Անդրադարձ է կատարվել ցամաքային և օդային փոխադրումների սահմանափակումներով պայմանավորված մարդկանց տեղաշարժման խնդիրներին: Այս առնչությամբ նախարար Մնացականյանն անդրադարձել է ԱՄՆ-ում գտնվող և Հայաստան վերադառնալու հնարավորություն չունեցող ՀՀ քաղաքացիների առջև տեղում ծառացած մի շարք խնդիրների՝ դրանց հասցեագրման հարցում կարևորելով նաև ամերիկյան կողմի աջակցությունը:
Զրուցակցի խնդրանքով՝ նախարար Մնացականյանը ներկայացրել է նախօրեին հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած ռազմական միջադեպի հետևանքով առաջացած իրավիճակը:
Հեռախոսազրույցի ավարտին Զոհրաբ Մնացականյանը և Ֆիլիպ Ռիքերն ընդգծել են երկկողմ պատրաստակամությունն ակտիվ քայլեր ձեռնարկելու հայ-ամերիկյան համագործակցության օրակարգի պահպանման ու ընդլայնման ուղղությամբ: