«Գերմանիայում կորոնավիրուսի զոհերի թիվը համեմատաբար քիչ է: Ինչո՞ւ»: Թեմային է անդրադարձել ամերիկյան The New York Times պարբերականը: Եվրոպական այս երկիրը համավարակից ապահովագրված չէ: Այդ դեպքում ինչո՞վ է պայմանավորված մահացության ցածր ցուցանիշը:
Բեռլին. Եվրոպան ճգնաժամի մեջ է:
Մայրցամաքի բոլոր երկրները կարանտինի մեջ են: Սահմանները՝ փակ: Առողջապահության համակարգը ծայրահեղ գերծանրաբեռնված է: Տնտեսությունը անկում է ապրում: Իսկ մարդիկ մահանում են մեծ թվով:
Այստեղ նույն իրավիճակն է, թեպետ համընդհանուր կարանտին երկրում դեռևս չի հայտարարվել, փակ են դպրոցները, խանութները, ռեստորաններն ու թատրոնները, իսկ երկու հոգուց ավելի հավաքներն արգելված են: Տնտեսությունն անկում է ապրում, իսկ աշխատատեղերը կրճատվում են: Գերմանիան նույնպես ապահովագրված չէ համավարակի ավերիչ հետևանքներից: Բացի մեկ բանից՝ մահանում են քչերը: Գերմանիայում մահացության ցուցանիշը կազմում է 0.72 տոկոս:
Ինչ է կատարվում Գերմանիայում: Նախ՝ վաղաժամ ու շարունակական թեստավորումը օգնում է, ինչպես նաև ախտահարվածների շրջանակի հետևումը: Գերմանիայի դաշնային իշխանություններն ու առողջապահության տեղական գերատեսչությունները միավորվել են ռիսկային խմբում գտնվող քաղաքացիների ստուգումների, հետևման ու մեկուսացման գործում:
Բացի այդ, Գերմանիան խստորեն հոգում է երկրի տարեց քաղաքացիների մասին, որոնք մյուսներից ավելի խոցելի են: Երկրի իշխանություններն արգելել են տարեցներին այցելել, իսկ տեղական խորհրդարանականները շտապ կարգով հորդորել են սահմանափակել տարեցների հետ շփումները: Շատերն ինքնակամ ինքնամեկուսացել են: Արդյունքն ակնհայտ է: 80 տարեկանից բարձր տարիքի քաղաքացիները կազմում են վարակվածների միայն 3 տոկոսը, թեպետ նրանք կազմում են Գերմանիայի բնակչության 7 տոկոսը: Հիվանդների միջին տարիքը 46-ն է: Համեմատության կարգով՝ Իտալիայում այն կազմում է 63 տարեկան:
Գերմանիայում մահացության ցածր ցուցանիշը պայմանավորված է վաղաժամ թեստավորմամբ: Թեպետ Գերմանիայի բժշկությունը լավ վիճակում է, արդիական, լավ հագեցած է, հիանալի ֆինանսավորվում է, բացի այդ, Եվրոպայում առաջատար է ինտենսիվ թերապիայի համար մահճակալների քանակով՝ 100 հազար հիվանդի համար:
Շատ հավանական է, որ Գերմանիան պարզապես հետ է մնում համընդհանուր կորից: Գերմանիայում որոշ մասնագետներ կարծում են, որ երկիրը դժվար թե առերեսվի Իտալիայում ստեղծված իրավիճակի հետ: Մյուսների տրամադրվածությունն էլ հոռետեսական է, և մահացության դեպքերը կարող են ավելանալ: Իրականում վերջին մի քանի օրերի ընթացքում մահացության ցուցանիշն աճել է՝ 0.48-ից հասնելով 0.72 տոկոսի:
Ի վերջո, ազդակներ կան, որ Գերմանիայի առողջապահության համակարգը կարող է գերծանրաբեռնվել: Ավելի ու ավելի բժիշկներ բողոքում են կենսական նշանակության պարագաների պակասից: Պարբերականը գրում է, որ հավանաբար չպետք է ժամանակից շուտ հավատալ թվերին: