Արցախի Հանրապետությունում այսօր նախագահական և Ազգային ժողովի ընտրություններ են:
Առավոտյան 08.00-ին բացվեցին 282 ընտրական տեղամասերը, այդ թվում՝ մեկը Երևանում գործող Արցախի ներկայացուցչությունում, ևս մեկը՝ Շուշիի ՔԿՀ-ում:
Արցախի նախագահի և ԱԺ ընտրություններին մասնակցելու իրավունք ունի 103.663 ընտրող:
Արցախի նախագահի թեկնածուները 14-ն են, ԱԺ ընտրություններին մասնակցում են 12 քաղաքական ուժեր:
Նշենք, մարտի 31-ին անցկացվող Արցախի նախագահի և ԱԺ ընտրություններին մասնակցած ընտրողների ստորագրված ցուցակները կհրապարակվեն և կտեղադրվեն ԿԸՀ կայքում մինչև ապրիլի 2-ը:
Ընտրություններին կլինեն մի քանի նորամուծություններ: Մասնավորապես, կիրառվում են մեկանգամյա օգտագործման պարկեր, որոնք թույլ են տալիս առկա փաստաթղթերը տեղափոխել տեղամասեր՝ բարձրացնելով ընտրությունների նկատմամբ վստահությունը: Ընտրատեղամասերում կան նոր քվեախցիկներ, որոնք ապահովում են ընտրության գաղտնիությունը, խոշորացույցներ՝ տեսողության խնդիր ունեցող անձանց քվեարկությունը դյուրացնելու համար, Ստեփանակերտի բոլոր ընտրատեղամասերում կան նաև թեքահարթակներ:
Պայմանավորված կորոնավիրուսի տարածման վտանգով՝ բոլոր ընտրողները քվեարկելիս պարտադիր կրում են դիմակ, ձեռնոց, նրանց տրամադրվում է անհատական գրիչ, իսկ ընտրատեղամասերում պահպանում են սոցիալական հեռավորություն: