Ազգային ժողովում շարունակվում է արտահերթ նիստը: Քննարկվում է Կառավարության ներկայացրած «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու և «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը երկրորդ ընթերցմամբ ընդունելու հարցը:
Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը ևս մեկ անգամ պարզաբանեց, որ սահմանափակումները վերաբերում են բացառապես արտակարգ դրությանը: «Արտակարգ դրությունից հետո որևէ սահմանափակում չի գործելու: Որևէ նոր տվյալ քաղաքացիների մասին չի հավաքվում: Օպերատորների մոտ տվյալները համատեղվում են մեկ միասնակական բազայում համաճարակի դեմ պայքարելու համար: Բոլոր մեկտեղված տվյալները ենթակա են լինելու ոչնչացման արտակարգ դրության ավարտից հետո»,- ասաց նախարարը:
Նա հայտարարեց, որ նախագծի ընդունումը չի ենթադրում հեռախոսային խոսակցության բովանդակության բացահայտում, կարևոր է միայն զանգի կատարման փաստը և տեղակայման փաստը: «Ենթադրենք՝ վարակակիրն ինտենսիվ շփման մեջ է գտնվել 10 անձի հետ, որից 5-ի մշտապես տեղակայման փաստն ուսումնասիրելիս պարզ է դառնում, որ մեկ տեղակայման վայրում են գտնվել: Նշանակում է, որ մեծ է հավանականությունը, որ այդ 5 անձինք վարակվել են: Եվ լրացուցիչ գործողություններ կկատարվեն Կառավարության սահմանված կարգով այդ անձանց մեկուսացնելու համար: Մյուս 5 անձանց մասով, եթե պարզվի, որ մեկ տեղակայման վայրում չեն եղել, օրինակ՝ Գյումրիում են եղել, նշանակում է այդ անձանց մասով լրացուցիչ գործողություն կատարելու անհրաժեշտություն չկա»,- ասաց Բադասյանը:
Հիշեցնենք, որ նախագծով հավաքվելու են հանրային էլեկտրոնային հաղորդակցության ծառայություններ ստացող հաճախորդների կողմից օգտագործված ծառայության վայրը պարզելու համար անհրաժեշտ տվյալներ՝ հաճախորդի տեղորոշումը, հաճախորդի հեռախոսահամարի հետ ուղիղ կամ անուղղակի կապ ունեցող հեռախոսահամարները, զանգի ժամի տվյալները և այլն: Նույն համակարգում ամփոփվելու են նաև բժշկական գաղտնիք համարվող տեղեկություններ, անձանց վարակվածությունը ստուգելու համար հավաքագրվող տվյալների, անձի հետազոտություն անցնելու մասին տվյալներ: