ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը, համագործակցելով «Գործարարության աջակցման գրասենյակի» և «Ներդրումների աջակցման կենտրոնի» հետ, նախաձեռնել է հատուկ գործարարների համար մշակված խորհրդատվական վեբինարների շարք: Այս մասին տեղեկացնում են էկոնոմիկայի նախարարությունից:
Հայաստանի առաջատար բիզնես խորհրդատուները կներկայացնեն վեբինարներ ճգնաժամային իրավիճակում բիզնեսի կառավարումից մինչև մարքեթինգային գործիքների կառավարում թեմաներով: Խորհրդատվության անհրաժեշտությունը բացահայտվել է էլեկտրոնային համապարփակ հարցաթերթի շնորհիվ, որը մարտի 23-ից ակտիվորեն շրջանառվել է թիրախային սուբյեկտների շրջանակում և այժմ ներառում է 1200-ից ավել տնտեսավարողների պատասխաններ։
Նշվում է, որ ուսումնասիրությունից պարզ է դարձել, որ համավարակի տարածման պայմաններում բիզնես սուբյեկտներն ունեն նաև տեխնիկական և խորհրդատվական աջակցության կարիք՝ արագ և ճիշտ կողմնորոշվելու և մարտահրավերներին համապատասխան արձագանքելու համար։ Հարցաթերթի պատասխանների հիման վրա հստակեցվել են նաև կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման միջոցառումների աջակցության գործիքները:
Էկոնոմիկայի նախարարությունը շնորհակալություն է հայտնել ոլորտում գործող խորհրդատվական ընկերություններին ու անհատ փորձագետներին նախաձեռնությանը առանց հապաղելու և կամավոր հիմունքներով միանալու համար:
Վեբինարների շարքը մեկնարկում է ապրիլի 1-ին, ցանկը հասանելի է այս հղումով` https://bit.ly/3bClhcs:
Կարող են միանալ բոլոր ցանկացողները՝ նախապես գրանցվելով յուրաքանչյուր վեբինարում ներկայացված հղմամբ։ Վեբինարի մասնակիցները կկարողանան իրենց հարցերն ուղղել խորհրդատուներին ու ստանալ մասնավոր դեպքերի համար նպատակային պատասխաններ։