ՀՀ Ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի մարտի 31-ի նիստում քննարկվում է Կենտրոնական բանկի նախագահի պաշտոնում Մարտին Գալստյանի թեկնածության հարցը:
Հանձնաժողովի նախագահ Մանե Թանդիլյանը հիշեցրել է, որ թեկնածուի առաջադրման իրավունք ունեին բոլոր խմբակցությունները:
«Սակայն ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը վերջնաժամկետին՝ մարտի 24-ին, ստացել է մեկ թեկնածուի առաջադրում. «Իմ քայլը խմբակցությունն առաջադրել է Մարտին Գալստյանի թեկնածությունը»,- հայտնել է Թանդիլյանը:
Թեկնածուին ներկայացրել է խմբակցության պատգամավոր, հանձնաժողովի փոխնախագահ Արտակ Մանուկյանը:
Գալստյանը ծնվել է 1978 թվականին մայիսի 4-ին, 1994-1999 թթ. ուսանել է ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետում, այնուհետև բուհի ասպիրանտուրայում՝ 2003-ին ստանալով տնտեսագիտության թեկնածուի գիտական աստիճան: Դրանից հետո նա սովորել է Հարվարդի համալսարանի Ջոն Քենեդու անվան հանրային կառավարման դպրոցում և ստացել հանրային կառավարման մագիստրոսի կոչում: Մանուկյանը տեղեկացրեց նաև, որ թեկնածուն ԿԲ-ում աշխատանքային գործունեությունը սկսել է 1998-ին, որտեղ ղեկավարել է ֆինանսական գործառնությունների վարչության միջազգային պահուստների կառավարմամբ զբաղվող ստորաբաժանումը, իսկ հետագայում ղեկավարել է նաև վիճակագրական վարչությունը: 2015-ին նշանակվել է Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնի ղեկավար: 2018-ից մինչ օրս հանդիսանում է ԿԲ խորհրդի անդամ: