«Մենք առաջարկներ չենք ներկայացրել, որովհետև նախագծի էությանը, ոգուն ենք դեմ: Անիմաստ էր առաջարկներ ներկայացնել»,- ասաց Էդմոն Մարուքյանը Կառավարության ներկայացրած՝ «Արտակարգ դրության իրավական ռեժիմի» և «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքում լրացումների փաթեթը երկրորդ ընթերցմամբ ընդունելու քննարկմանը:
Նա դիմեց գործընկերներին, թե ինչո՛ւ են այդպես ջանասիրությամբ հիմնավորում այդ օրենսդրական նախաձեռնությունը: Հատկապես որ, ըստ պատգամավորի, առողջապահության հանձնաժողովի նախագահն ասել է, որ որ սա 0 ազդեցություն ունի պանդեմիայի դեմ պայքարի համար:
«Եթե 0 ազդեցություն ունի՝ տակը մնում է մարդկանց վերահսկելը: Սա առիթ է՝ մարդկանց տեղորոշելու, լսելու, հսկելու: Դուք էլ եք Signal-ով ու WhatsApp-ով խոսում, եթե վստահում եք ձեր կառավարությանը, ինչու եք այդպես խոսում»,- ասաց Մարուքյանը՝ հարցն ուղղելով իշխանության ներկայացուցիչներին:
Հիշեցնենք, որ նախագծով նախատեսվում է օպերատիվ կերպով ներդնել ժամանակակից էլեկտրոնային միջոցների և թվային տեխնոլոգիաների կիրառման միջոցով համաճարակի կանխարգելման նոր մեխանիզմ: Համաճարակի հետևանքով առաջացած արտակարգ դրության ժամանակ կարող է միջամտություն իրականացվել անձնական տվյալների պաշտպանության, մասնավոր և ընտանեկան կյանքի անձեռնմխելիության, հաղորդակցության ազատության և գաղտնիության իրավունքներին: Սա վերաբերում է բացառապես համաճարակի հետևանքով առաջացած արտակարգ դրության: